Փաշինեան «հանդարտելու» կոչ կ՚ընէ Տէր-Պետրոսեանին

«Յարգելի Լեւոն Տէր-Պետրոսեան․ 1996-ին դուք փախաք ընտրութիւնների արդիւնքների հետ առերեսուելուց, 1998–ին դուք փախաք իշխանութիւնից, 2008-ին դուք փախաք ընդդիմութտւնից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում էք, բայց փախչելու տեղ չէք գտնում։ Եւ պէտք էլ չէ․ պարզապէս հանդարտուէք եւ վայելէք Հայաստանի Հանրապետութիւնում հաստատուած խաղաղ կեանքը։ Լաւ օր եմ մաղթում բոլորիս»,– Դիմագիրքի իր էջին գրած է Նիկոլ Փաշինեան։

Լեւոն Տէր-Պետրոսեան՝ Փաշինեանին. «Դատաւոր կարող են լինեն միայն ՀՀ շարքային քաղաքացիները»

Լեւոն Տէր-Պետրոսեան պատասխանելով Փաշինեանի այս եւ վերջին գրառումներուն մէջ արտայայտուած միտքերուն, գրած է հետեւեալը.

«Ի հարկէ, Հայաստանը լաւ երկիր է եւ զբօսաշրջիկներին միշտ է գրաւել ու գրաւելու: Ի հարկէ, սփիւռքում ապրող հայութիւնը միշտ է կարօտել ու կարօտելու եւ յաճախ այցելելու է իր հայրենիք: Բայց զբօսաշրջիկների քանակը մի՛այն յիմար ղեկավարը կարող է իրեն վերագրել:

Ի հարկէ, հայ հոգեւորականների մէջ կան այնպիսիք, որոնք Եկեղեցու սպասաւորի կոչմանն արժանի չեն եւ սխալմամբ են յայտնուել Հայ առաքելական եկեղեցում, բայց նրանց թերութիւնների մասին խօսելու իրաւունք չունի երկրի կառավարումը ձախողած վարչապետն ու իր ստրկամիտների թիմը:

Ի հարկէ, ընդդիմադիրների մէջ էլ կան պատեհապաշտներ, շահամոլներ, քաղաքական գործիչի անուան տակ թաքնուած անհայրենիք իշխանասէրներ, բայց նրանց «դատաւոր» կարող են լինել միայն ՀՀ շարքային քաղաքացիները, այլ ոչ թէ իշխանասիրութեան մրցանիշ կտրած ՔՊ-ականները:

Շարքային հայ մարդիկ կարող են նաեւ դժգոհ լինել Լեւոն Տէր-Պետրոսեանից, կամ` Ռոբերտ Քոչարեանից, կարող են քննադատել Սերժ Սարգսեանին, Հրանտ Բագրատեանին ու շատ-շատերին, բայց նրանց քննադատելու իրաւունք չունի մէկը, ով 7 տարուայ մէջ հայ ժողովրդին այնքան վնաս է պատճառել, ինչքան նախորդ 7 հարիւր տարում չէր պատճառել ոչ մի  իշխանութիւն: Նման իրաւունք չունի նա, ով Արցախի կորուստի, արցախեան շարժման էջը փակելու հեղինակն է ու հպարտանում է դրանով:

Ով նոյնիսկ չի գիտակցում, որ Տէր-Պետրոսեանի հրաժարականը ոչ թէ փախուստ էր, այլ սեփական լուծումը ազգի վզին չփաթաթելու պետական գործիչի որոշում:

Մարդը 98-ին հասկացաւ, որ չի կարող ճակատագրական ու միանձնեայ որոշում կայացնել մի ողջ ժողովրդի փոխարէն եւ չարաշահել պետութեան կառավարիչի` ժամանակաւորապէս իրեն վստահուած պաշտօնը»: