Պետական նախարարը ներկայացուցած է ստեղուած իրավիճակը
Դեկտեմբեր 14-ին, Արցախի Հանրապետութեան Պետական նախարար Ռուբէն Վարդանեան ուղղակի հաղորդումով ներկայացուցած է շրջափակման մէջ գտնուող երկրի տարածքին տիրող իրավիճակը: Ան ըսած է, թէ իրենց քով աւելի քան 48 ժամ է, որ կը շարունակուի նոյն կացութիւնը:
“Հպարտ եմ, որ ձեզ հետ եմ: Ես իսկապէս տեսնում եմ համախմբուածութիւն։ Ո՛չ մի խուճապ չկայ, մարդիկ իսկապէս պատրաստ են պայքարելու, եւ դա ինձ ոգեւորում է: Ես կասկած չունէի, հիմա աւելի եմ վստահ, որ մենք յաղթելու ենք”,– նշած է նախարարը:
Ան յայտնած է, թէ որոշած է ամէն օր տեղեկութիւն հաղորդել՝ ներկայացնելով իրավիճակը, քանի որ թշնամին կ՚օգտագործէ տարբեր միջոցներ, կեղծ տեղեկութիւններ ու լուրեր տարածելու համար։
“Կան մի քանի շատ կարեւոր հարցեր. թիւ մէկ հարցը կապուած է վառելիքին: Չգիտենք՝ որքան կը շարունակուի այս շրջափակումը, չգիտենք՝ որքան ժամանակ պէտք կը լինի վառելիք հասցնելու: Դրա համար հաստատել ենք խնայողութեան դրութիւն բոլորի համար, այդ թւում՝ Կառավարութեան եւ պետական գերատեսչութիւնների: Յատուկ դրութիւն ենք հաստատել նաեւ յատուկ ծառայութիւնների համար՝ շտապօգնութիւն, երեթեւեկութիւն եւ այլն”,– ըսած է Վարդանեան:
Երկրորդ կարեւոր հարցը, ըստ Վարդանեանի, կը վերաբերի մարդոց, որոնք Հայաստան-Արցախ ճամբուն Ազերիներու կողմէ խափանման պատճառով բաժնուած են իրարմէ:
“Ցաւօք, նրանց թւում կան երեխաներ, որոնք գնացել էին «Մանկական եւրոտեսիլ 2022»-ը դիտելու, կամ՝ այլ միջոցառումների, եւ հիմա չեն կարողանում վերադառնալ Արցախ: Հաւաստիացնում ենք, որ անում ենք ամէն ինչ, որ նրանք ունենան առաւելագոյն բնական պայմաններ: Դրա համար շատ շնորհակալ եմ Գորիսի քաղաքապետին: Կան մարդիկ, որ գնացել են Հայաստան բուժման կամ այլ խնդիրների համար եւ հիմա բնակուելու ու դրամի հետ կապուած խնդիրներ ունեն: Բոլոր այդ տեղեկութիւնները հաւաքում ենք, մշակում եւ առաւելագոյնս արագ լուծում ենք բոլոր հարցերը: Գուցէ որոշ դէպքերի մասին չգիտենք, այդ պատճառով, ովքեր յայտնուել են նման իրավիճակում, խնդրում եմ զանգահարել 119 համարով”,– նշած է Պետական նախարարը:
Ան ընդգծած է, որ Արցախը պատրաստ է բանակցութիւններու, եթէ պայմանները ընդունելի ըլլան բոլոր կողմերուն համար:
“Հրաշալի հասկանում ենք այն խնդիրները, որոնց առջեւ կանգնած են ռուս խաղաղապահները, այդուհանդերձ, պնդում ենք, որ ճանապարհը պէտք է բացուի: Միւս կողմից՝ իրավիճակը լարուած է, եւ նորից կոչ եմ անում չտրուել սադրանքների: Ամէն ինչ կ՚անենք, որ իրավիճակը լուծուի մեր օգտին”,– եզրափակած է Վարդանեան: