Modern Website Header
Website Header with Working Banner

«Անյապաղ ջանքեր պէտք է գործադրուին Ստեփանակերտի օդակայանը բանալու ուղղութեամբ»

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի յայտարարութիւնը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդը Յունուար 10-ին հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը՝ Բերձորի միջանցքի շրջափակման վերաբերեալ.

«Անյապաղ ջանքեր անհրաժեշտ են Ստեփականերտի օդակայանի գործարկման ուղղութեամբ՝ օդային ճամբով մարդասիրական աջակցութիւն հասցնելու նպատակով:

Դեռեւս 2022 Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական շրջափակումը, որ կոպտօրէն խախտում է Բերձորի միջանցքի՝ 2020 Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած կարգը եւ արգելում Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող կեանքի ճանապարհը, գոյութենական լուրջ սպառնալիք է այնտեղ ապրող շուրջ 120 000 Հայերի համար։ Սրանով Ադրբեջանը առնուազն բռնի տեղահանութեան հիմքեր է ստեղծում՝ դրանով իսկ վարելով ցեղային զտումների յստակ քաղաքականութիւն։

Արցախի բնակչութիւնը պատանդ է մնացել մի երկրի ձեռքում, որը չնայած ձգտում է մօտ լինել Եւրոպային, սակայն այսօրինակ իր գործողութիւններով կոպտօրէն ոտնահարում եւ արհամարհում է համամարդկային քաղաքակրթական արժէքները։

Բերձորի միջանցքի երկարատեւ շրջափակումը յանգեցրել է ահագնացող մարդասիրական ճգնաժամի, ինչը կարող է վերածուել մարդասիրական աղէտի։ Զգալի է դարձել առաջին անհրաժեշտութեան ապրանքների, սնունդի ու դեղորայքի պակասը։ Փաստօրէն, Արցախի ողջ բնակչութիւնը զրկուել է ազատ տեղաշարժի իրաւունքից, հազարաւոր մարդիկ, այդ թւում՝ երեխաներ, ձմռան ցուրտ եղանակին մնացել են ճանապարհներին, բազմաթիւ ընտանիքներ ակամայ բաժանուել են՝ յայտնուելով շրջափակման տարբեր կողմերում։

Ադրբեջանը պարտաւոր է անյապաղ դադարեցնել Բերձորի միջանցքի շրջափակումը եւ իր իսկ կողմից ստանձնած պարտաւորութիւնների շրջանակում երաշխաւորել այդ կեանքի ճանապարհով Արցախի բնակիչների ազատ տեղաշարժը եւ երթեւեկութեան միջոցների ու բեռների փոխադրութեան ապահովութիւնը։

Կոչ ենք անում ողջ առաջադէմ մարդկութեան եւ համապատասխան միջազգային կառոյցներին ներդնել իրենց բոլոր ջանքերը՝ կանխարգելելու հնարաւոր նոր ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ պաշտպանելու Արցախի բնակչութեան բոլոր հիմնարար իրաւունքները։

Միեւնոյն ժամանակ կոչ ենք անում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին, այլ միջազգային կառոյցներին ու շահագրգիռ պետութիւններին՝ անյապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդակայանի գործարկման ուղղութեամբ եւ երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Արցախի բնակչութեանը հրատապ մարդասիրական աջակցութիւն հասցնելու նպատակով։

Վերահաստատում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հաւատարիմ է մնում իր առաքելութեան, որն ամբողջովին հիմնուած է համամարդկային արժէքների ու մարդասիրական սկզբունքների վրայ»։