Խումբ մը Ազերպայճանցիներ տեսախցիկներով ներխուժած են երախաները Հայաստանէն Արցախ փոխադրող կառքին մէջ
Շրջափակման պատճառով աւելի քանի մէկ ամիսէ ի վեր ծնողական խնամքէ զրկուած 19 երախաներ Գորիս-Ստեփանակերտ ճամբով տուն վերադարձած են։ Երախաները Գորիսէն Ստեփանակերտ փոխադրուած են ռուսական խաղաղապահ զօրակազմի ուղեկցութեամբ։
Արցախի մարդկային իրաւանց պաշտպան Գեղամ Ստեփանեան Դիմագիրքի իր էջով մանրամասնութիւններ կը հաղորդէ.
«Շուշի-Քարին տակ հատուածում՝ ճանապարհի շրջափակուած մասում, որտեղ տեղակայուած են «բնապահ» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալները եւ նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցրել են Ադրբեջանցիները։ Այնուհետեւ, մեքենային են մօտեցել քաղաքացիական հագուստով, իրենց դէմքը փակած 10-15 Ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենայ եւ նկարահանել մեքենայում գտնուող երեխաներին։ Ադրբեջանցիների սադրիչ գործողութիւնների հետեւանքով մեքենայում իրարարանցում է առաջացել, որի հետեւանքով երեխաներից մէկը ուշաթափուել է։
Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկուած գործողութիւնների շնորհիւ նրանք հեռացուել են, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետև, ճանապարհի շրջափակուած հատուածով անցնելիս, Ադրբեջանցիները ցուցադրաբար բղաւոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղութեամբ։
Ադրբեջանի կառավարութեան գործակալների այս լկտի կեցուածքը երեխաների անձնական կեանքի կամայական եւ ապօրինի միջամտութիւն է, նրանց հոգեբանական անձեռնմխելիութեան, պատուի եւ հեղինակութեան նկատմամբ ապօրինի ոտնձգութիւն: Այս յանցաւոր գործողութիւնները ամբողջութեամբ բացայայտում են նրանց իրական նպատակներն ու ցանկութիւնները։ Ադրբեջանցիների կողմից Հայերի նկատմամբ ցեղային ատելութիւնը չի ճանաչում սահմաններ՝ թիրախաւորելով նոյնիսկ անչափահաս երեխաներին։
Այս սադրիչ եւ յանցաւոր գործողութիւնը եւս մէկ անգամ ապացուցում է ճանապարհի փակուած լինելու փաստը եւ դրանով անվտանգ երթեւեկելու անհնարինութիւնը՝ նոյնիսկ ռուսական խաղաղապահ զօրակազմի ուղեկցութեամբ»։
Միւս կողմէ, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի Մարդկային իրաւանց պաշտպանութեան եւ հանրային հարցերու մնայուն յանձնաժողովի նախագահուհի Թագուհի Թովմասեան հրատապ նամակներ կը պատրաստէ ուղղուած միջազգային իրաւասու մարմիններուն՝ ազերպայճանցի «բնապահ»-ներու կողմէ 19 հայ երախաներու նկատմամբ հոգեբանական բռնութիւն գործադրելու փաստով:
“Ադրբեջանցիների կողմից Հայերի նկատմամբ ցեղային ատելութիւնը սահմաններ չի ճանաչում․ թիրախաւորել են նոյնիսկ անչափահաս երեխաներին, ովքեր խաղաղապահների ուղեկցութեամբ աւելի քան մէկ ամիս անց վերադառնում էին Արցախ՝ ծնողների մօտ։
Ադրբեջանն այս յանցաւոր գործողութեամբ եւս մէկ քայլ կատարեց Հայերի ցեղասպանութեան քաղաքականութիւնը կեանքի կոչելուն ուղղութեամբ։ Քաղաքակիրթ աշխարհի լռութեան պայմաններում մարդկութեան դէմ Ադրբեջանի յանցագործութիւնները կը կրեն շարունակական բնոյթ”,– հաղորդած է Թովմասեան: