Modern Website Header
Website Header with Working Banner

Արցախի թեմի առաջնորդին պատգամը երիտասարդներուն՝ Սուրբ Սարգիսի տօնին առիթով

 

Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեան Սուրբ Սարգիսի տօնին առիթով աղօթք ու շնորհաւորանք յղած է երիտասարդներուն.

«Բազմիմաստ ու անչափ կարեւոր է այս տօնի խորհուրդը յատկապէս ներկայ օրերում, երբ մեր երկիրը անցնում է ծանր փորձութիւնների միջով։ Զօրական, երիտասարդութիւն եւ ընտանիք․ այս երեք կարեւոր գաղափարներն են մեր մտապատկերում յայտնւում, երբ խորհում ենք Սուրբ Սարգսի կերպարի եւ նրան նուիրուած եկեղեցական տօնի մասին։ Դարեր առաջ հաստատուած տօնը կարծես թէ ազգի փրկութեան բանալիներ ու բանաձեւեր է տալիս ներկայ ժամանակի համար։ Եւ սա բնական է, քանի որ այն Սիրոյ տօն է, իսկ Սէրը երբեք չի անհետանում (Ա Կոր․ 13։8) եւ միշտ էլ ժամանակակից է։

Կարիք չկայ խօսքերի գեղեցկութեամբ ու շատութեամբ բացատրելու, թէ ով է զինուորն ու զօրականը Հայոց ազգի համար, որովհետեւ վերջին գոյապայքարից յետոյ դեռ չեն սպիացել մեր վէրքերը, դեռ թարմ են յիշողութիւնները մեր նահատակ տղաների սխրանքների մասին, որոնց մեծամասնութիւնը ձեր նման երիտասարդներ էին։

Սիրելի՛ երիտասարդներ, դուք էք մեր երկրի գոյութեան շարժիչ ուժը, որովհետեւ ձեր շարքերից են ծնւում երկրի պաշտպաններ ու կազմւում նոր ընտանիքներ։ Թէ ինչպիսին կը լինի մեր վաղուայ օրը, մեծապէս կախուած է ձեր այսօրուայ կեցուածքից ու դաւանած արժէքներից։ Եթէ հետադարձ հայեացք գցենք ոչ վաղ անցեալին, կը տեսնենք որ արցախեան շարժման հիմքերում կանգնած էին համալսարանական երիտասարդները՝ Ձեր հայրերն ու մայրերը, որոնք այդ շարժումն իր լրումին հասցրեցին իրենց պայքարով ու նահատակութեամբ։

Յաջորդ արժէքը ազգային մեր կեանքում Հայ ընտանիքն է։ Որպէսզի աւելի ընկալելի լինի ընտանիքի արժէքն ու դերը, տեղին ենք համարում մէջբերել Մուրացանի խօսքը, որ հնչում է Գէորգ Մարզպետունու բերանով․ “Ազգերի զօրութիւնը ընտանիքների մէջ է․․․ զօրաւոր է այն ազգը, որն ունի զօրաւոր ընտանիքներ, սիրով, միութեամբ, առաքինի եւ հաւատարիմ կենակցութեամբ ապրող ընտանիքներ։ Ինչպէս որ չի կարող ապրել այն տունկը, որի արմատները չորացած են կամ որթնած, այնպէս եւ կանգուն չի մնայ այն ազգը, որի ընտանիքներում տիրում է ապականութիւն, որոնցից հեռու է սէրը, միութիւնը, առաքինութիւնը եւ նամանաւանդ Աստծոյ երկիւղը”։ Ցաւօք սրտի այսօր մեր երկիրը անկայուն ընտանիքների, ամուսնական դաւաճանութիւնների ու բաժանումների պակաս չունի։ Այսօր վտանգուած է Հայ ընտանիքի համակարգը, եւ փորձում են բազմատեսակ եղանակներով աղաւաղել աւանդական ընտանիքի եւ Հայի սրբազան օջախի գաղափարը։

Սիրելինե՛ր, ամուսնութիւնը երիտասարդական յոյզերից եւ զգացմունքային զեղումներից աւելին է, եւ այն ենթադրում է գիտակցուած ու կամաւոր յանձնառութիւն, փոխադարձ յարգանք ու հասկացողութիւն։ Երբ սիրահարութիւնը անցնում է, իսկ դա հիմնականում անխուսափելի է, առաջ է գալիս միութիւնը պահելու խնդիր։ Պէտք է լրջօրէն մօտենաք ամուսնութեան խորհրդին, կեանքի ընկեր ընտրեցէք ոչ միայն զգացմունքներով, այլ նաեւ ձեզ տրուած բանականութեամբ։ Եթէ Աստծոյ առաջ խոստացել էք մինչեւ ի մահ տէր եւ պաշտպան լինել իրար, ապա արէք ամէն ինչ, որ ոչինչ չխախտի ձեր միութիւնը, եթէ չէք ուզում զոհել ձեր ընտանիքը, երբեմն զոհեցէք ձեր շահերը։ Ջանացէք սիրահարուածութիւնը վերածել մնայուն Սիրոյ։

Ի՞նչն է այսօր խանգարում մեզ գործելու նոյն նախանձախնդրութեամբ։ Այսօր, երբ Մայր Հայաստանն ու Արցախը որպէս ծնող եւ զաւակ արհեստականօրէն բաժանուած են իրարից, երբ զաւակները հեռու են իրենց ծնողներից, հարազատները իրար ներկայութիւն վայելելու հնարաւորութիւնից, Ձեր վրայ է նորից մեր յոյսն ու հաւատը, սիրելի՛ երիտասարդներ, որ չէք կորցնի ձեր արժանապատւութիւնը եւ տէր կը լինէք մեր սրբազան երկրին։

Ցաւօք պակասել է սէրը մեր ընտանիքներում, պակասել է սէրը նաեւ մեր մեծ ընտանիքում՝ մեր հայրենիքում, դրա համար էլ հնարաւոր եղաւ արտաքին խառնակիչ ուժերին բաժանել մեր ընտանիքը։ Ուստի սիրելիներ, Սուրբ Սարգսի տօնի խորհրդի շուրջ համախմբուած եւ քաջ գիտակցելով, որ հիմնականում մեզանից է կախուած մեր ընտանիքի փրկութիւնը, լցուենք սիրով, համբերութեամբ, նեղութիւններին դիմագրաւելու վճռականութեամբ, եւ կը տեսնենք, որ Աստուած նորից պիտի օրհնի մեր միութիւնն ու պիտի շնորհի մեզ խաղաղ եւ բարօր կեանք»։