«Միջազգային հանրութիւնը պէտք է խօսքից անցնի գործի»
«Արդէն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը յանցաւոր եւ ահաբեկչական գործողութիւններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի Հանրապետութեան շուրջ 120.000 ժողովրդին՝ նպատակ ունենալով ցեղային զտում իրականացնել Արցախում։
Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրաւունքի բոլոր չափանիշերին եւ Ադրբեջանի ստանձնած պարտաւորութիւններին, այդ թւում՝ 2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան շրջանակներում։ Այս շրջափակումը, որը հիմնուած է Հայերի դէմ ցեղային ատելութեան ադրբեջանական պետական քաղաքականութեան վրայ, համընդգրկուն է. այն զրկում է 120.000 Արցախցիներին սնունդի, ուժանիւթի, առողջապահական եւ այլ կենսական ապրանքների ու ծառայութիւնների բնականոն հասանելիութիւնից եւ, հետեւաբար, լուրջ, կանխամտածուած եւ զանգուածային յարձակում է մեր հայրենակիցների կեանքի ու այլ իրաւունքների նկատմամբ։
Յունուարի 20-ից, շրջափակման հետեւանքով առաջացած սննդամթերքի լուրջ սղութիւնը յաղթահարելու համար, Արցախի կառավարութիւնը ստիպուած է եղել սահմանափակել սնունդի հասանելիութիւնը կտրօնների միջոցով՝ իւրաքանչիւր անձի համար ամսական մէկ քիլոկրամ բրինձ, հնդկաձաւար, մակարոնեղէն, շաքարաւազ եւ ձէթ, որոնց շրջանակը կ՚աւելացուի առաջիկայում:
Խիստ ձմռան պայմաններում խափանելով նաեւ ելեկտրամատակարարումն ու կազամատակարարումը՝ Ադրբեջանը խորացրել է մարդասիրական ճգնաժամն Արցախում: Ջեռուցման ու սնունդի խնդիրների պատճառով Հանրապետութեան բոլոր մանկապարտէզները, տարրական եւ միջնակարգ դպրոցները փակուել են՝ երկրի շուրջ 20.000 երեխաներին եւ պատանիներին զրկելով բնականոն կրթութիւնից։ Կասեցուել են նաեւ տնտեսական բազմաթիւ ձեռնարկութիւնների աշխատանքները՝ հազարաւոր քաղաքացիները դարձնելով գործազուրկ: Դադարել են Ադրբեջանի կողմից բռնագրաւուած տարածքներից բռնի տեղահանուած անձանց համար նախատեսուած շուրջ 3.700 բնակարանների կառուցման եւ այլ շինարարական աշխատանքները: Դադարել են նաեւ ծրագրուած վիրահատութիւնները՝ այդպիսով լրացուցիչ վտանգի տակ դնելով շուրջ 600 քաղաքացու առողջութիւնն ու կեանքը:
Մենք երախտապարտ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտէին եւ ռուս խաղաղապահ առաքելութեանը իրենց ջանքերի համար՝ ապահովելու ճգնաժամային իրավիճակում յայտնուած շուրջ 90 ծանր հիւանդ մարդկանց տեղափոխումը Հայաստան, վերամիաւորելու տասնեակ բաժանուած ընտանիքների եւ Արցախ տեղափոխելու նուազագոյն սննդամթերք, որը թոյլ է տալիս մեզ կանխել սովամահութեան դէպքերը։ Իրավիճակն, այնուամենայնիւ, մնում է անտանելի՝ սննդամթերքի, դեղորայքի ու այլ կենսական պարագաների մեծ սղութեան, կազամատակարարման ու ելեկտրամատակարարման շարունակական խափանման, հազարաւոր ընտանիքների բաժանման, տնտեսութեան փլուզման եւ այլ ճգնաժամային պայմաններում։
Մենք ողջունում ենք բազմաթիւ երկրների գործադիր ու օրէնսդիր իշխանութիւնների, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների յստակ կոչերն Ադրբեջանին՝ անյապաղ ու անվերապահ կերպով վերացնելու շրջափակումը: Այդ պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, քիչ ազդեցութիւն են ունենում Ադրբեջանի մոլեռանդ ու ատելութեամբ լեցուն անզիջողականութեան պայմաններում: Ահա թէ ինչու միջազգային հանրութիւնը պէտք է խօսքից անցնի գործի, ինչպէս նա վարւում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանութեան վաղ ահազանգող նշանների առկայութեան դէպքում:
Մենք դիմում ենք առաջնահերթօրէն Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսքի խումբը, ինչպէս նաեւ՝ միջազգային հանրութեան բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդիւնաւէտ միջոցներ ձեռնարկել Արցախի կեանքի ճանապարհի բացման եւ նորանոր յանցագործութիւնների կանխման ուղղութեամբ: Այդ համածիրում մենք յորդորում ենք նրանց պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դէմ կատարուող յանցագործութիւնների բոլոր հեղինակների ու աջակիցների եւ Ադրբեջանի պետութեան դէմ՝ ի թիւս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ եւ սառեցնելով իրենց երկրներում գտնուող շարժական եւ անշարժ գոյքը:
Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ցեղային զտման փորձը մտնում է մարդկութեան դէմ (erga omnes) յանցագործութիւնների իրաւական հասկացութեան մէջ։ Դրա կանխումը բարոյական, իրաւական եւ քաղաքական պարտաւորութիւն է, որը պարտադիր է Միաւորուած ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) կանոնադրութիւնը ստորագրած բոլոր կողմերի համար: Ուստի, միջազգային հանրութեան իւրաքանչիւր անդամի պարտաւորութիւնն է առաւելագոյնը կատարել նաեւ Արցախի ժողովրդի պաշտպանութեան եւ սեփական հայրենիքում արժանապատուօրէն ապրելու համար»: