Արցախի Պետական նախարար Ռուբէն Վարդանեանի ուղերձը՝ Արցախեան շարժումի 35-ամեակին առիթով.
«35 տարի առաջ այս օրը սկսուեց ղարաբաղեան շարժումը: Եթէ չլինէր շարժումը, մենք կորցրած կը լինէինք ո՛չ միայն Արցախը, այլեւ Հայաստանը:
Արցախի պահպանումն ու արցախեան առաջին պատերազմում յաղթանակի զգացողութիւնը մեզ մեծ ուժ ու վստահութիւն տուեց, քանի որ շատերի համար անհնարին թուացող այդ յաղթանակը մեզ յաջողուեց կարելի դարձնել: Շարժումի շնորհիւ մենք հասկացանք, որ հայրենիք կորցնելու աղէտը կարող ենք կանխել պայքարի միջոցով։
Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել ազատ, անկախ, արժանապատիւ կեանքով ապրելու իրաւունքի համար, այն բանի համար, որ մեր գլխին չկախուի ցեղային զտման ու հայրենիքից արտաքսուելու սպառնալիքը: Դրան ի պատասխան հարեւան Ադրբեջանի կողմից ստացել ենք պատերազմներ, մարդկային կորուստներ ու բարդ փորձութիւններ, որոնք շարունակւում են այսօրուայ շրջափակման ու մեզ պարտադրուած դժուարութիւնների տեսքով:
Բոլոր փորձութիւններով հանդերձ՝ Արցախը հայկական պահելու մեր կամքն անսասան է մնում: Բոլոր նրանք, ովքեր քննարկում են ու փորձում առանց մեզ վճռել Արցախի ճակատագիրը, այդպէս էլ չեն հասկանում, որ մեր ճակատագիրը մենք մեր ձեռքն ենք վերցրել 35 տարի առաջ այս օրը: Մենք այդ որոշման համար վճարել ենք շատ թանկ գին: Մեր բազմաթիւ նուիրեալ հերոսներ իրենց կեանքն են տուել այս հողը հայկական պահելու համար, որովհետեւ նրանք հասկացել են Արցախի բացառիկ կարեւորութիւնը Հայոց պետականութեան եւ հայկական աշխարհի պահպանման համար:
Որպէս Պետական նախարար իմ պաշտօնավարման այս 100 օրուայ ու ծանր շրջափակման իրավիճակում ես տեսայ Արցախի ժողովրդի անսովոր հզօր ուժը եւ հասկացայ, որ այդ ուժը մենք ստանում ենք այն հողից, որի վրայ ապրում ենք, որտեղ մեր ազգային ինքնութեան արմատներն են: Ես զգացի մեր արմատների խորութիւնն ու դրանից եկող այդ բացառիկ ուժը:
Ու ես հիմա վստահ ասում եմ, որ եթէ նոյնիսկ մեր նպատակին հասնելու համար եւս 35 տարի պահանջուի, դա մեզ չպէտք է կանգնեցնի, հիասթափեցնի, հեռացնի մեր նպատակից: Մենք ունենք բաւարար կամք ու յամառութիւն՝ մեր նպատակին հասնելու համար ու դա մեզնից ոչ ոք խլել չի կարող»: