Modern Website Header
Website Header with Working Banner

«Սումգայիթի կոտորածը դարձաւ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դէմ իրականացուող ցեղասպան քաղաքականութեան առաջին լայնածաւալ դրսեւորումը»

Արցախի Արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը

«Այսօր լրանում է հայ ժողովրդի նորագոյն պատմութեան ամենաողբերգական ու հրէշաւոր էջերից մէկի՝ Սումգայիթի ջարդերի 35-ամեակը։ 1988 թուականի Փետրուարի 27-29-ը` Բաքուից ընդամէնը 40 կիլոմետր հեռաւորութեան վրայ գտնուող Սումգայիթ քաղաքում, ադրբեջանական իշխանութիւնների յանցաւոր թողտւութեամբ եւ նոյնիսկ ցուցումով, տեղի ունեցան քաղաքի հայ բնակչութեան զանգուածային  ջարդեր, որոնք ուղեկցւում էին սպանութիւններով, խոշտանգումներով եւ այլ վայրագութիւններով: Ջարդարարների խմբերը, զինուած սրածայր մետաղեայ ձողերով, կացիններով, մուրճերով եւ ինքնաշէն այլ միջոցներով, քաղաքի իրաւապահ մարմինների լիարժէք անտարբերութեան պայմաններում, ներխուժում էին Հայերի բնակարանները եւ ահաւոր դաժանութեամբ հաշուեյարդար տեսնում անմեղ մարդկանց հետ։

Բռնութեան մի քանի օրերի ընթացքում տասնեակ Հայեր սպանուեցին, հարիւրաւորներ ենթարկուեցին դաժան ծեծի եւ խոշտանգումների, հազարաւորներ՝ բռնի տեղահանուեցին։ Հայերի նկատմամբ ատելութեան մթնոլորտը սնուցւում էր հանրահաւաքների ժամանակ հնչեցուող հակահայկական կարգախօսերով եւ բռնութեան կոչերով։ Ադրբեջանի իշխանութիւնների կողմից կազմակերպուած յանցաւոր այդ գործողութիւնների նպատակն էր՝ վախի մթնոլորտ ստեղծել եւ դրանով իսկ ճնշել Լեռնային Ղարաբաղի Հայութեան խաղաղ պահանջները։

Սումգայիթի կոտորածը դարձաւ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դէմ տասնամեակներ շարունակ իրականացուող խտրական եւ ցեղասպան քաղաքականութեան առաջին լայնածաւալ դրսեւորումը։ Դրան հետեւեցին Հայերի ջարդերն Ադրբեջանի այլ քաղաքներում՝ Բաքւում, Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում եւ այլուր, ինչպէս նաեւ Արցախի դէմ սանձազերծուած երեք պատերազմները, որոնք ուղեկցւում էին քաղաքացիական բնակչութեան վրայ նպատակաուղղուած յարձակումներով, արգելուած զէնքի կիրառմամբ եւ այլ պատերազմական յանցագործութիւններով։

Սումգայիթի ջարդերը հիմք դարձան Ադրբեջանում Հայերի նկատմամբ անհանդուրժողականութեան եւ ատելութեան վերակենդանացման համար: Հայատեացութիւնը բարձրացուեց պետական քաղաքականութեան մակարդակի: Այդ հրէշաւոր յանցագործութեան ոգեշնչողներն ու իրականացնողները դարձան ընդօրինակման առարկայ, իսկ Հայերի նկատմամբ յանցագործութիւնները՝ սովորական: Երկու տարի անց՝ 1990 թուականի Յունուարին, Բաքւում Հայերի ջարդերն արդէն իրականացւում էին «Փա՜ռք Սումգայիթի հերոսներին» կարգախօսի ներքոյ:  Ցաւօք, ո՛չ Սումգայիթի ջարդերի, ո՛չ էլ յաջորդած միւս ցեղասպանական գործողութիւնների համար Ադրբեջանը չի ենթարկուել պատասխանատւութեան, ինչի պատճառով այդ բռնատէր պետութեան իշխանութիւնների համար ձեւաւորուել է քաղաքական ամենաթողութեան եւ անպատժելիութեան մթնոլորտ։  

Անպատժելիութեան եւ ամենաթողութեան զգացումի, Հայերի նկատմամբ անհանդուրժողականութեան եւ ատելութեան, ինչպէս նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն ամէն գնով ճնշելու ձգտման համադրութիւնը յանգեցրեց Ադրբեջանի քաղաքական գիտակցութեան եւ պետական քաղաքականութեան մէջ Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան մտադրութիւնների արմատաւորմանը: Այդ յանցաւոր մտադրութիւնների ակնյայտ դրսեւորումներից է Արցախի աւելի քան երկու ամիս շարունակուող շրջափակումը, որի հիմքում Ադրբեջանի իշխանութիւնների ձգտումն է՝ ստիպել Արցախի ժողովրդին հրաժարուել իր հաւաքական իրաւունքներից,  զրկել հայրենիքից եւ ի վերջոյ՝ ոչնչացնել նրան։

Նոյնիսկ 35 տարի անց Արցախի ժողովրդի դէմ իրականացուող ճնշման, ահաբեկման, մարդու իրաւունքների կոպիտ խախտման, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման, վտարման եւ ցեղային զտման Ադրբեջանի քաղաքականութիւնը չի փոխուել։ Այնուամանայնիւ, չնայած Հանրապետութեան առջեւ ծառացած բոլոր դժուարութիւններին եւ մարտահրաւէրներին, Արցախի ժողովուրդը մնում է ամուր եւ վճռական՝ պաշտպանելու իր իրաւունքները պատմական հայրենիքում եւ շարունակելու պայքարը յանուն ազատութեան, անկախութեան, ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների։

Խոնարհւում ենք Ադրբեջանի յարձակողական եւ մարդատեաց քաղաքականութեան բոլոր անմեղ զոհերի յիշատակի առջեւ եւ եւս մէկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրութեանը գործուն եւ արդիւնաւէտ քայլեր ձեռնարկել՝ ընդհատելու Ադրբեջանի անօրինական գործողութիւնների արատաւոր շրջանը, կանխելու մարդկութեան դէմ նոր յանցագործութիւնները եւ պատասխանատւութեան ենթարկելու մեղաւորներին»: