Մարտ 29-ին, վարչապետ Նիկոլ Փաշինեան մասնակցած է ԱՄՆ-ու նախագահ Ճօ Պայտընի նախաձեռնութեամբ կազմակերպուած «Յանուն ժողովրդավարութեան» երկրորդ համաժողովի պաշտօնական բացման լիագումար նիստին՝ առցանց ձեւաչափով:
Ժողովին կը մասնակցին 100-է աւելի երկիրներու առաջնորդներ, ինչպէս նաև քաղաքացիական հասարակութեան եւ միջազգային ժողովրդավարական հաստատութիւններու ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինեան իր ելոյթին մասնաւորապէս նշած է.
“Չնայած մարտահրաւէրներին՝ Հայաստանը շարունակում է իրականացնել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։
Դրա արդիւնքում մեր երկիրը բարելաւել է իր դիրքերը համաշխարհային տարբեր վարկանիշերում։ Freedom House-ը Հայաստանին դասել է որպէս «ազատ» երկիր «Ինտերնետի ազատութեան» իր տարեկան զեկոյցում: Հայաստանն աննախադէպ առաջընթաց է գրանցել նաեւ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպութեան կողմից հրապարակուած 2022-ի մամուլի ազատութեան համաշխարհային գրացանկում՝ բարելաւելով իր դիրքերը 12 կէտով։ Անցած տարի Հայաստանը 7 կէտով բարելաւել է իր դիրքերը Economist Intelligence Unit-ի կողմից հրապարակուած ժողովրդավարութեան գրացանկում։
Հայաստանի կառավարութիւնը շարունակում է պայքարել կլիմայի փոփոխութեան դէմ՝ ցածր արտանետումներով ուժանիւթային ոլորտ եւ կենսունակ կանաչ տնտեսութիւն կառուցելու համար: Մենք առաջընթաց ենք գրանցել «Energy Trilemma Index 2021» ուժանիւթային միջազգային վարկանիշում՝ զբաղեցնելով 53-րդ տեղը 127 երկրների շարքում։
Մեր երկրում ժողովրդավարական հիմնարկների ամրապնդմանը զուգընթաց, մենք 2022 Սեպտեմբերին ստիպուած էինք բախուել Հայաստանի Հանրապետութեան միջազգայնօրէն ճանաչուած տարածքի դէմ յարձակումի, ինչը յանգեցրեց Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասի գրաւման։
Դեռեւս Սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների միասնականութիւնը եւ նրանց կողմից՝ Հայաստանի դէմ յարձակման յստակ դատապարտումը։ Ցանկանում եմ օգտուել այս հնարաւորութիւնից եւ մեր երախտագիտութիւնը յայտնել Միացեալ Նահանգներին եւ միւս գործընկերներին, որոնք դիւանագիտական միջոցներով օգնեցին մեզ կասեցնել հետագայ ներխուժումը։
Հայաստանը խստօրէն դատապարտում է մարդու իրաւունքների խախտումներն ամբողջ աշխարհում, եւ մենք շատ բան պէտք է անենք միասին՝ կանխելու ցեղասպանութիւնները, ցեղային զտումները եւ վայրագութիւնները: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում Հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը եւ դրա հետեւանքով ծառացած մարդասիրական ճգնաժամը, միանշանակ ԼՂ-ում Հայերի ցեղային զտումների փորձ է։ Եւ մենք չենք կարող աչք փակել դրա վրայ։ Միեւնոյն ժամանակ, ես կրկնում եմ, որ Հայաստանը հաւատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին։ Մենք համոզուած ենք, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի, եւ որ ժողովրդավարական արժէքներին հաւատարիմ մնալը կ՚օգնի մեզ գտնել ճանապարհ դէպի խաղաղութիւն։
Ժողովրդավարութիւնը շարունակական աշխատանք է, եւ մենք կը շարունակենք ստանձնել նոր պարտաւորութիւններ՝ Հայաստանի համար նոր նշաձող սահմանելով համաշխարհային ժողովրդավարական վարկանիշային աղիւսակում։
Ես հաւատում եմ ժողովրդավարութեան ուժին՝ յանուն խաղաղութեան, յանուն ազատութեան, յանուն երջանկութեան”։