Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան հաղորդագրութիւնը
Հայաստանի Արտաքին գործոց նախարարութիւնը ստորեւ տրուած հաղորդագրութիւնը հրապարակած է Մարաղայի Հայութեան կոտորածի 31-րդ տարելիցին կապակցութեամբ.
«31 տարի առաջ՝ 1992 Ապրիլ 10-ին, Ադրբեջանի զինուած ուժերի կողմից իրականացուեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչութեան ծրագրուած դաժան կոտորածը, որի հետեւանքով շուրջ 5.000 բնակչութիւն ունեցող բնակավայրը ամբողջութեամբ ենթարկուեց ցեղային զտման, աւելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանուեց, նոյնքան էլ գերեվարուեց. սոյն տուեալները փաստագրուած են «Human Rights Watch» եւ «Amnesty International» իրաւապաշտպան կազմակերպութիւնների զեկոյցներում: Գերեվարուածներից շատերի ճակատագրերը մինչ օրս պարզուած չեն, եւ վերջիններս համարւում են բռնի անհետացածներ:
Մարաղայի կոտորածը Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքւում կազմակերպուած Հայերի ջարդերի շարունակութիւնն էր եւ ադրբեջանական իշխանութիւնների՝ ազգային ինքնութեան հողի վրայ զանգուածային ոճրագործութիւնների յաջորդական դրսեւորումներից մէկը: Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչութեան դէմ կանխամտածուած ոճրագործութիւնները, ռազմական յանցագործութիւնները, դրանց անպատժելիութիւնն ու հերոսացումն Ադրբեջանի համակարգային քաղաքականութեան մաս կազմեցին եւ նոր դրտեւորումներ ստացան Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի 2016 ապրիլեան յարձակումների, իսկ աւելի մեծ տարողութեամբ՝ 2020-ի 44-օրեայ պատերազմի ժամանակ, որի հետեւանքով տեղահանուեցին նաեւ Հադրութի, Շուշիի եւ յարակից շրջանների տասնեակ հազարաւոր Հայեր:
Պատահական չէ, որ ոչ միայն 1988-1991թթ. Լեռնային Ղարաբաղից տեղահանուած Հայերը տարիների ընթացքում երբեւէ հնարաւորութիւն չեն ստացել վերադառնալ իրենց տները եւ իրացնել իրենց իրաւունքները, այդ թւում՝ տնօրինել իրենց մասնաւոր սեփականութիւնը, այլ նաեւ ներկայիս, խախտելով 2020 Նոյեմբեր 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները, Ադրբեջանը խաթարում է տեղահանուած անձանց եւ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ յարակից շրջաններ, ինչը պէտք է իրականացուի ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր յանձնակատարի վերահսկողութեան ներքոյ: Աւելի՛ն, խախտելով միջազգային իրաւունքի չափանիշերը եւ իր իսկ ստանձնած միջազգային պարտաւորութիւնները՝ պաշտօնական Բաքուն այս օրերին Ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողութեան տակ անցած հայկական բնակավայրերը, Հայերի տները, ինչպէս օրինակ՝ հայկական Թալիշ գիւղում:
Յատկանշական է նաեւ, որ կոպտօրէն խախտելով հեղինակաւոր միջազգային դատական ատեանների վճիռները՝ Ադրբեջանը բացայայտ կերպով շարունակում է պղծել, վանդալիզմի ենթարկել եւ ոչնչացնել հայկական կրօնական ու պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը՝ նպատակ ունենալով իր վերահսկողութեան տակ գտնուող տարածքներից ջնջել հայկական հետքն առհասարակ: Միեւնոյն ժամանակ, ամենաբարձր մակարդակով շարունակւում է Հայութեան նկատմամբ ատելութեան քարոզը: Այս արձանագրումները արդէն իսկ բազմիցս դատապարտուել են միջազգային կառոյցների կողմից:
Մարաղայի ոճրագործութիւնից 31 տարի անց, շուրջ չորս ամիս է, ինչ Ադրբեջանն ապօրինի կերպով շրջափակուած է պահում Լեռնային Ղարաբաղը մնացեալ աշխարհի հետ կապող Բերձորի միջանցքը: Լեռնային Ղարաբաղում կանխամտածուած կերպով մարդասիրական ճգնաժամի ստեղծումը, ադրբեջանական զինուած ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում զինադադարի պարբերական խախտումներն ու յարձակողական գործողութիւնները, քաղաքացիական բնակչութեան շարունակական թիրախաւորումն ու ահաբեկումը կրկին ապացուցում են, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղը ցեղային զտումների ենթարկելն է։
Այսօր մենք յարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի յիշատակին: Նման ոճրագործութիւնների հետագայ կանխարգելման համար եւս մէկ անգամ ընդգծում ենք միջազգային հանրութեան գործուն քայլերի, այդ թւում՝ տրամադրութեան տակ առկայ միջազգային գործիքակազմերի կիրառման հրատապութիւնը:
Հայաստանի Հանրապետութիւնը վերահաստատում է իր հաւատարմութիւնը տարածաշրջանում երկարատեւ ու համապարփակ խաղաղութեան ու անվտանգութեան հաստատմանը, որը հնարաւոր է Ադրբեջանի կողմից առաւելապաշտական ու յարձակողական քաղաքականութիւնից հրաժարուելու եւառկայ խնդիրներին արդար լուծումներ փնտռելու ճանապարհով»: