Modern Website Header
Website Header with Working Banner

Ռուբէն Վարդանեան. «Վաղ թէ ուշ Ալիեւը ստիպուած է լինելու կանգնել Արդարադատութեան միջազգային դատարանի առջեւ»

Արցախի Հանրապետութեան նախկին Պետական նախարար Ռուբէն Վարդանեան անդրադառնալով Իլհամ Ալիեւի վերջին յայտարարութիւններուն, Դիմագիրքի իր էջին հետեւեալ գրառումը կատարած է.

«Կարծում էի, որ պարոն Ալիեւը լաւ խորհրդականներ ունի, բայց, ինչպէս երեւում է այս յայտարարութիւններից, նրանք անպիտան են։ Խորհուրդ կը տայի աշխատանքից ազատել նրանց, որովհետեւ որքան շատ է հնչում այս հռետորաբանութիւնը, որքան աւելի այն կոշտ ու դաժան է դառնում, այնքան մեծանում է հաւանականութիւնը, որ վաղ թէ ուշ պարոն Ալիեւը ստիպուած է լինելու կանգնել Արդարադատութեան միջազգային դատարանի առջեւ:

Ես դժուարանում եմ պատկերացնել, թէ ինչ միջոցներով է ադրբեջանական պետութիւնը 120 հազար Հայերին կարողանալու վտարել իրենց հայրենիքից: Ամէն դէպքում, դա կը լինի մարդկութեան դէմ յանցագործութիւն: Եւ որքան մեծանում է ուժի սպառնալիքի լեզուով ճնշումը Արցախցիների վրայ, այնքան աւելի են նրանք համախմբւում եւ կողք-կողքի կանգնում:

Այս իմաստով սա  ճանապարհ է, որը ո՛չ մի տեղ չի տանելու։ Ես ասել եմ եւ շարունակում եմ կրկնել, որ միակ ճանապարհը բնականոն բանակցութիւններն են, որտեղ Ադրբեջանը պէտք է ճանաչի միւս կողմին՝ Արցախի Հանրապետութիւնը, Արցախի ընտրուած առաջնորդներին, եւ միջազգային հարթակում միջազգային ներկայացուցիչների մասնակցութեամբ բնականոն բանակցութիւններ վարի՝ գիտակցելով, որ հակառակ պարագային սա ճանապարհ է, որն իրեն ո՛չ մի տեղ չի տանելու»։