Արցախի Պետական նախարար Գուրգէն Ներսիսեան Դիմագիրքի իր էջին գրառումով հաղորդած է հետեւեալ մանրամասնութիւնները.
«2023 Ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակէտ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Բերձորի միջանցքին), որի հետեւանքով Արցախի Հանրապետութեան Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մէջ` կտրուելով թէ՛ Ստեփանակերտից, թէ՛ Հայաստանից:
Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շէն, Հին Շէն, Եղցահող եւ Լիսագոր գիւղերի բնակիչների մարդասիրական վիճակը օր-օրի վատթարացել է, փորձ է արուել Կարմիր խաչի արցախեան գրասենեակի միջոցով այդ համայնքներին սնունդ եւ դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը ապարդիւն են եղել: Ռուս խաղաղապահների աջակցութեամբ առաջին օրերին ծնողների մօտ են վերադարձուել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխաները, իսկ մնացածների վերադարձը Ադրբեջանը արգելել էր:
Լիակատար ու երկկողմանի շրջափակման մէջ գտնուող գիւղերի բնակիչների մարդասիրական հրատապ խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թոյլատրուել է առանց զննութեան մասնաւոր կառքերով անցնել Հակարիի կամուրջի մօտ տեղադրուած անցակէտով` նախապէս հաւաստիացնելով, որ Ադրբեջանցիների կողմից որեւէ հսկողական միջամտութիւն չի լինելու: Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցութեամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակէտի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակէտում նրանք հանդիպել են Ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` յաջորդական բեմականացումը ցուցադրելու համար:
Սա կրկին անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ապօրինի անցակէտը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, կառքերի ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020 Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները եւ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումը: Արցախի Հանրապետութեան ժողովուրդը սպասում է Բերձորի միջանցքի` եռակողմ յայտարարութեամբ սահմանուած ձեւաչափի վերականգնմանը` 5 կմ. լայնութեամբ միջանցք՝ բացառապէս ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողութեամբ»: