Modern Website Header
Website Header with Working Banner

«Ազերպայճան Արցախի դէմ կը վարէ ո՛չ միայն ցեղային զտման, այլ նաեւ մշակութային ցեղասպանութեան քաղաքականութիւն»

Արցախի Արտաքին գործոց նախարարութեան յայտարարութիւնը

Արցախի Արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակած է հետեւեալ յայտարարութիւնը՝ հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան ոչնչացման եւ իւրացման ուղղուած Ազերպայճանի քաղաքականութեան մասին:

«Խստիւ դատապարտում ենք Ադրբեջանի կրօնական կազմակերպութիւնների հետ աշխատանքի պետական կոմիտէի նախագահի կողմից Մայիսի 2-ին կատարուած յայտարարությիւնը այն մասին, թէ հայ վանականները պէտք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբրեւ թէ պատկանում է Կովկասեան Ալբանիային եւ վաղ թէ ուշ կը կառավարուի ալբանա-ուդիական կրօնական համայնքի կողմից:

Ադրբեջանի պետական մարմինի ղեկավարի այդ յայտարարութիւնը հանդիսանում է Արդարադատութեան միջազգային դատարանի 2021 թուականի Դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում եւ մի անգամ եւս ապացուցում է, որ Ադրբեջանի իշխանութիւնները ծրագրուած գործողութիւններով քայլ առ քայլ իրականացնում են Արցախի հայաթափման, հայկական պատմամշակութային եւ կրօնական ժառանգութեան ոչնչացման ու իւրացման հետեւողական քաղաքականութիւն։

Այս համածիրի մէջ հարկ ենք համարում յիշեցնել, որ 2020 Նոյեմբերից Դադիվանքը գտնւում է Ռուսաստանի խաղաղապահների վերահսկողութեան տակ, որոնք կոչուած են ապահովելու քաղաքացիների անխափան եւ անվտանգ մուտքը՝ սրբավայր։ Աւելի՛ն, ԻՒՆԷՍՔՕ-ն բազմիցս ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգութիւնը չպէտք է քաղաքական նպատակների գործիք դառնայ, եւ կոչ է արել բոլոր անդամ պետութիւններին յարգելու այս սկզբունքն ամբողջ աշխարհում։ 2020-ի պատերազմի եւ Արցախի տարածքների բռնագրաւման հետեւանքով Ադրբեջանի վերահսկողութեան տակ են անցել շուրջ հազար հինգ հարիւր հայկական պատմամշակութային եւ կրօնական յուշարձաններ, այդ թւում՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, հնագիտական վայրեր, բերդեր, ամրոցներ, սրբավայրեր եւ այլն:

Ադրբեջանի յարձակումների հետեւանքով 44 օրերի ընթացքում այդ երկրի զինուած ուժերը դիտաւորեալ թիրախաւորել, ոչնչացրել կամ պղծել են բազմաթիւ յուշարձաններ եւ սրբավայրեր, իսկ պատերազմից անմիջապէս յետոյ Բաքուի բարձրագոյն ղեկավարութիւնը նախաձեռնել է հայկական պատմական եւ կրօնական ժառանգութեան “ալբանացման” քաղաքականութիւն՝ փորձելով ջնջել Արցախում հայկական հազարամեայ ներկայութեան բոլոր հետքերը, ինչպէս նաեւ կեղծ պատմական թեզեր առաջ քաշելով՝ հայկական յուշարձանների ոչնչացումն ու այլափոխումն արդարացնելու նպատակով։ Մասնաւորապէս, 2021 թ․ Հադրութի շրջանի Ծակուռի գիւղ այցելութեան ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մատնացոյց անելով Ծաղկավանքի Ս. Աստուածածին եկեղեցու (ԺԲ. դ․) հայերէն գրութիւնները, նշել է, թէ դրանք կեղծ են եւ անձամբ հրամայել է ջնջել այդ գրութիւնները:

Աւելի ուշ Ադրբեջանում նոյնիսկ ստեղծուել է «ալբանական պատմութեան եւ ճարտարապետութեան մասնագէտների» աշխատանքային խումբ, որի նպատակն էր այսպէս կոչուած “ալբանական տաճարներից” հեռացնել “Հայերի թողած կեղծ հետքերը”։

Ադրբեջանական վանդալական արարքների վառ օրինակներից են նաեւ պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծումը, իսկ այնուհետեւ վերանորոգման քօղի տակ իրականացուող այլափոխումը, Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ոչնչացումը, Մեխակաւանի հայկական Սուրբ Մարիամ Աստուածածին եկեղեցու ամբողջական աւերումը եւ այլն։

Այս բոլոր վանդալական դէպքերը, ինչպէս նաեւ Արցախի գրաւեալ տարածքներում մշակութային ժառանգութեան եւ յուշարձանների վիճակի գնահատման եւ դրանց պահպանութեան նպատակով ԻՒՆԷՍՔՕ-ի առաքելութեան մուտքը մերժելու Ադրբեջանի հետեւողական քաղաքականութիւնը վկայում են, որ Արցախի բռնագրաւուած տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրօնական կոթողները վտանգուած են. դրանք կամ այլափոխւում, կամ ոչնչացւում են Ադրբեջանի վարած հայատեաց պետական քաղաքականութեան պատճառով:

Այսպիսով, Ադրբեջանը, փորձելով ամէն կերպ դուրս մղել Արցախցիներին իրենց պատմական հայրենիքից, Արցախի դէմ վարում է ոչ միայն ցեղային զտման, այլ նաեւ մշակութային ցեղասպանութեան քաղաքականութիւն։

Կրկին դիմում ենք միջազգային հանրութեանը, համապատասխան բոլոր միջազգային կառոյցներին, եւ առաջին հերթին՝ ԻՒՆԷՍՔՕ-ին, յորդորելով ձեռնարկել հրատապ եւ արդիւնաւէտ քայլեր՝ ապահովելու միջազգային առաքելութիւնների եւ համապատասխան փորձագէտների մուտքն Արցախի գրաւեալ տարածքներ՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ անցած հայկական պատմամշակութային Ժառանգութեան ու յուշարձանների վիճակը գնահատելու եւ միջազգային պաշտպանութեան տակ առնելու նպատակով»: