Modern Website Header
Website Header with Working Banner

«Ադրբեջանի գործողութիւնները արհամարհանք են յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ միջազգային գործընկերների կողմից գործադրուող ջանքերին»

Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան հաղորդագրութիւնը

«Մայիսի 11-ի վաղ առաւօտեան Ադրբեջանի զինուած ուժերը, կրկին անգամ դիմելով գրգռիչ եւ յարձակողական գործողութիւնների, ականանետերի եւ հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմը ունի վիրաւորներ:

Միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներից մէկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումները ապացուցում են ձեռք բերուած համաձայնութիւնների, այդ թւում՝ 2022 Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:

Իրավիճակի ապակայունացմանը միտուած Ադրբեջանի այս գործողութիւնները բացայայտ արհամարհանք են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ տեղի ունեցած Ուաշինկթընի հանդիպմանը, Բրիւսէլում եւ Մոսկուայում նախատեսուած հանդիպումներին, Հարաւային Կովկասում կայունութեամբ եւ խաղաղութեամբ հետաքրքրուած միջազգային գործընկերների կողմից գործադրուող ջանքերին:

Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան դադարեցնել բանակցային գործընթացը ուժի կիրառմամբ խաթարելու եւ դրանով Հայաստանի վրայ ճնշում գործադրելու անհիմն, չարդարացուած եւ ամօթալի փորձերը»: