«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցութեան անդամ Աշոտ Դանիէլեան.
«Եթէ ազգակործան պատուհասը Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, դա կը լինի պետական դաւաճանութիւն»
«Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլիանտը ամէն մի հանդիպման ժամանակ կը լինի Բրիւսելում, թէ Պրահայում, խորացնում է Արցախի յանձնման գործընթացը»: Այս մասին Մայիսի 22-ին, Արցախի Ազգային ժողովի արտակարգ նիստի ընթացքին յայտարարած է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցութեան անդամ Աշոտ Դանիէլեան:
«Հայաստանի ոեւէ իշխանութիւն չի ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս եւ նման տեսակէտ չի ունեցել, ինչպէս այս ազգակործան պատուհասը: 2018 թուականից յետոյ իշխանութիւնը յայտարարեց՝ Հայաստանն Արցախ է, եւ վերջ, ինչը բերեց բանակցութիւնների տապալման եւ պատերազմի: Կապիտուլիանտը իրաւունք չունի ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը կը ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս: Այդ փաստաթուղթը կը հակասի Հայաստանի Սահմանադրութեան եւ 1992 թուականին Գերագոյն Խորհրդի ընդունած որոշմանը: Այսօր նժարին դրուած է Արցախի ժողովրդի ֆիզիքական գոյութեան հարցը: Եթէ ազգակործան պատուհասը ստորագրեց որեւէ փաստաթուղթ, որով Արցախը կը ճանաչուի Ադրբեջանի մաս, դա կը լինի պետական դաւաճանութիւն»,– յայտարարած է Դանիէլեան:
***
Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ՝ Արկադի Ղուկասեան եւ Բակօ Սահակեան.
«Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների կեցուածքը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկութիւններին անվերապահ ենթարկուելու տրամաբանութեամբ, անընդունելի են»
«Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւնների կեցուածքը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկութիւններին անվերապահ ենթարկուելու տրամաբանութեամբ, անընդունելի են։
Վերջին տարիների ընթացքում բազմաթիւ են եղել Արցախի պետականութիւնը կասկածի տակ դնելու Հայաստանի իշխանութիւնների անհասկանալի քայլերը: Մեզ հասանելի խողովակներով փորձել ենք զգուշացնել նման վարքագծի կործանարար հետևանքների մասին:
Ցաւով ենք նշում, որ մեր զգուշացումները սթափեցնող ազդեցութիւն չեն ունեցել: Բազմաթիւ ձախողումների պատճառով այսօր կանգնել ենք տապալուած բանակցութիւնների, աղէտաբեր պատերազմի և հիմա էլ՝ հակառակորդի բոլոր պահանջներն ու քմահաճոյքները կատարելու պարտադրանքի առջև:
Ո՛չ ոք բարոյական իրաւունք չունի որոշելու մեր ու մեր զաւակների ապագան: Արցախը չի ընդունել և չի ընդունելու ա՛յն մօտեցումները, որոնք այսօր (Մայիս 22-ին) ներկայացուել են Հայաստանի վարչապետի կողմից և, ինչպես նախկինում է պայքարել, այնպէս էլ հիմա, բոլոր հնարաւոր միջոցներով պայքարելու է իր հայրենիքում արժանապատիւ ապրելու իրաւունքի համար:
Հաւատում ենք, որ ինչպէս նախորդ տարիներին, այնպէս էլ այսօր համայն հայութիւնը կլինի Արցախի ժողովրդի կողքին»։