«Սիրելի՛ հայրենակիցներ, 105 տարի է անցել այն օրից, երբ, շուրջ վեց դար մնալով առանց պետականութեան, հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետութիւնը, վերականգնեց սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իր իրաւունքը:
Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը դարձաւ մայիսեան փառաւոր յաղթանակների արգասիքը: Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչեւ այսօր էլ առեղծուած են մնում շատերի համար: Շատ-շատերի, բայց ո՛չ՝ մեզ համար:
Իր բազմադարեայ պատմութեան ամբողջ ընթացքին հայ ժողովուրդը բազում անգամներ է յայտնուել անդունդի եզրին, կանգնել անելանելի թուացող փակուղու առջեւ, երբ փրկութեան նշոյլ անգամ չէր ուրուագծւում: Սակայն, իր քաջազուն զաւակների խիզախութեան ու սխրանքի, անձնուրացութեան ու իմաստնութեան շնորհիւ կարողացել է դիմակայել ճակատագրի հարուածներին, յաղթահարել բոլոր փորձութնւններն ու շարունակել կառուցել իր ապագան:
Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում եւ կրկին ստիպուած ենք պայքարել մեր լինելութեան, ազգային ինքնութեան պահպանման, Հայոց ամուր պետականութեան ապագայի համար: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականութեան համար եւ պէտք է աչքի լոյսի պէս պահենք ու փայփայենք այն եւ փոխանցենք հետագայ սերունդներին։
Ուրեմն, եկէ՛ք անհրաժեշտ դասեր քաղենք անցեալից, բոլորս միասին տէր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զօրացնենք այն, քանի դեռ կարող ենք, քանի դեռ չենք կորցրել մեր սուրբ նահատակներին արժանի լինելու, աշխարհի հնագոյն քաղաքակրթութիւնը կերտողների ժառանգորդը լինելու հնարաւորութիւնը։
Փա՜ռք Հայոց պետականութիւնը կերտած քաջ հայորդիներին։
Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին»: