Արցախի Ազգային ժողովի յայտարարութիւնը
Յունիս 28-ին, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը կոչ ուղղած է Ուաշինկթըն գտնուող Հայաստանի պատուիրակութեան անյապաղ դադրեցնելու բանակցութիւնները՝ մինչեւ Հայաստանի եւ Արցախի սահմաններուն վրայ հրադադարի հաստատումը։
Յայտարարութեան մէջ մասնաւորաբար նշուած է.
«Ադրբեջանի զինուած ուժերը, կրկին անգամ կոպտօրէն խախտելով 2020 Նոյեմբեր 9-ին ընդունուած եռակողմ յայտարարութեամբ Արցախում հաստատուած հրադադարը, Յունիս 27-ի լոյս 28-ի գիշերուան ժամը 01.30-ից սկսած տարբեր զինատեսակներից կրակ են բացել Արցախի Հանրապետութեան տարածքի ուղղութեամբ, որի հետեւանքով զոհուել է մեր չորս հայրենակիցը:
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պայմաններում, հրետանային միջոցների եւ անօդաչու սարքերի կիրառմամբ Արցախի Հանրապետութեան քաղաքացիների սպանությունը վկայում է, որ այդ Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութիւնը, անտեսելով միջազգային հեղինակաւոր կառոյցների կոչերն ու որոշումները, խաղաղութեան եւ երկխօսութեան կեղծ օրակարգերով սքօղուած, ցեղասպանական գործողութիւններով ձգտում է ռազմական, քաղաքական, տնտեսական գործիքակազմերի կիրառմամբ հասնել իր հիմնական նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը:
Ուշագրաւ եւ յատկանշական է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների այս նոր արարքը, նախորդների նման, նոյնպէս արձանագրուել է այն ժամանակ երբ ԱՄՆ-ի Արտաքին գործերի նախարարի միջնորդութեամբ Ուաշինկթընում տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների յաջորդական բանակցութիւնները՝ հայ-ադրբեջանական հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցերի շուրջ: Դա, անշուշտ, եւս մէկ անգամ վկայում ու հաստատում է, որ “խաղաղութեան պայմանագրի” շուրջ տեղի ունեցող այս բանակցութիւնները նոյնպէս իրականում ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում տեւական խաղաղութեան ու կայունութեան հաստատման մթնոլորտի ձեւաւորման նմանակում՝ իբր թէ միջազգային ջանքերի համածիրի մէջ։
Խորապէս անհանգստացած առկայ վտանգաւոր իրողութեամբ՝ Արցախի Հանրապետութեան ժողովրդի անունից դիմում ենք՝
– ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ կարեկցանքի յայտարարութիւններից, յորդորներից եւ խորհուրդներից զատ ձեռնարկել յստակ գործնական քայլերի, մասնաւորապէս, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զսպելով նրա յարձակողական նկրտումները: Համոզուած ենք, որ երկակի չափանիշերով գործելաոճը աւելի է ոգեւորում Ադրբեջանին՝ նրան դարձնելով սանձարձակ եւ անվերահսկելի,
– Ռուսաստանի Դաշնութեան՝ խաղաղապահ առաքելութեան շրջանակում առաւել կոշտ միջոցներով կասեցնել Ադրբեջանի հակամարդկային, ցեղասպան գործողութիւնները,
– Ուաշինկթընեան բանակցութիւններում Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեան՝ անյապաղ դադարեցնել մեկնարկած բանակցութիւնները՝ մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագային, բանակցութիւնների շարունակութիւնը կը նշանակի ադրբեջանական կողմի յարձակողական կեցուածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտօնութիւն։
Խոնարհւում ենք յանուն հայրենիքի իրենց կեանքը նուիրաբերած մեր չորս նահատակների յիշատակի առջեւ՝ պատրաստակամ ենք շարունակելու նրանց սուրբ գործը»: