Search
Close this search box.

«9 ամիս թերսնումից յետոյ դու հիմա կարող ես ունենալ ամէն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ…»

Արցախցի Մարիամը կը գրէ. 

«Քեզ ինչպէ՞ս ասեմ ինչ կատարուեց…

Սաթէ՛, աղջիկս, գրեթե 10 ամիս առաջ վստահ էի, որ մեր նուիրումն ու ինքնազոհաբերումը արդիւնք կ՚ունենան։

3 տարի առաջ ես ու հայրդ առաջիններից էինք, որ վերադարձանք Արցախ (Նոյեմբեր 14-ին), վստահ էինք, որ մեր վերադարձով Արցախը հայկական ենք պահելու։

Դու ծնուեցիր Արցախում, երբ թւում էր՝ ունենք երազած հայրենիք։  9 ամիս սովի, ցրտի, տապի պայմաններում  “պայքարեցինք”։ Ժամանակը չափւում էր քո ամսականներով եւ մեծանալուդ հետ դժուարութիւնները աւելի էին ծանրանում։ Մրգերից դեղձին, խաղողին էիր ծանօթ, կարտոֆիլ ու միս էիր սիրում։ Սաթէ՛, բայց մենք քեզ Հայրենիք էինք ուզում տալ…

Ասում են՝ բախտս բերել է, որ ոչինչ չես հասկանում, ժպտում ես եւ գաղթի ճանապարհին սովորել ես ծափ տալ։

Այո՛, ողբերգական ներկայացման առաջին արարն աւարտուեց եւ, ցաւօք, մենք ենք իրական հերոսները, ծափ տուր…

Բախտդ չի բերել, որովհետեւ գուցէ չխօսես Արցախի բարբառով, բախտդ չի բերել, որովհետեւ չճանաչեցիր հայրենիքդ՝ աշխարհի գեղեցկագոյն  անկիւնը, չքայլեցիր իմ մանկութեան փողոցներով, չխաղացիր մեր տների բակերում, 9 ամսականում դու էլ դարձար գաղթական…

Բախտդ միայն մի հարցում է բերել՝ Աստծոյ կամքով, թէ պատահմամբ հայրիկդ ողջ է եւ դա այս ողբերգական պատմութեան միակ լուսաւոր կէտն է…

Մենք հրաժեշտ տուինք մեր սարերին, որ աշխարհում ամենավեհն ու հպարտն էին, մեզնից խլեցին մեզ, աղջիկս…

9 ամիս թերսնումից յետոյ դու հիմա կարող ես ունենալ ամէն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ…

Յ.Գ. Սա մեր Արցախում վերջին նկարն է, մենք չունենք Արցախ, ունենք իրար…»։ 

***

Մարիամ Սարգսեանի եւ Յովիկ Յովսէփեանի պսակադրութիւնը տեղի ունեցած է 2020 Հոկտեմբեր 24-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ մայր եկեղեցւոյ մէջ, որ պատերազմի ընթացքին երկու անգամ ռմբակոծուած էր։