Search
Close this search box.

Արման Թաթոյեանի համաձայն՝ պետական պաշտօնական յայտարարութիւնները կ՚անտեսեն Տաւուշի գիւղերու բնակչութեան եւ ընդհանրապէս երկրի անվտանգութիւնը

Հայաստանի նախկին Մարդկային իրաւանց պաշտպան Արման Թաթոյեան Մայիս 16-ին Դիմագիրքի իր էջին գրառած է հետեւեալը.

«Հայաստանի Արտաքին գործոց (ԱԳ) նախարարութեան եւ կառավարութեան ղեկավարի աշխատակազմի՝ Մայիս 15-ի երեկոյեան հրապարակած յայտարարութիւնները Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի զատման առնչութեամբ, ակնյայտ մոլորեցնում են հանրութեանը եւ խախտում Հայաստանի անվտանգութեան համակարգը։

Գործընթացը հակադրւում է Հայաստանի Սահմանադրութեան ու միջազգային պարտաւորութիւնների հիմքերին ու ընդհանրապէս իրաւունքի գերակայութեան։ Այն հակաժողովրդավարական է, քանի որ տեղի է ունենում առանց մարդկանց ու յատկապէս՝ տեղի բնակիչների իրական մասնակցութեան ու նրանց կարծիքը հաշուի առնելու:

Նախ, Սահմանի զատման եւ սահմանային անվտանգութեան հարցերի յանձնաժողովը սահմանի զատման որեւէ գործառոյթ չունի։

Հայաստանում որեւէ օրէնքով, կառավարութեան որեւէ որոշումով կամ իրաւական որեւէ այլ ակտով ամրագրուած չէ յանձնաժողովի կամ դրա որեւէ անդամի որեւէ իրաւասութիւն։

Աւելի՛ն, 2024 Ապրիլ 19-ին ԱԳ նախարարութիւնը հրապարակաւ նշել է, որ մինչեւ 2024 Յուլիս 1-ը նոր պէտք է “աւարտին հասցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի զատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովների համատեղ գործունէութեան մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները”։ Այսինքն՝ մինչեւ Յուլիս 1-ը նոյնիսկ սահմանի զատման նախագիծ չի լինելու։

Միւս կողմից, ըստ ԱԳ նախարարութեան՝ ներկայիս Տաւուշում սահմանների հետ կապուած տեղի ունեցողը սահմանի զատում է։

Դրան հակառակ, Հայաստանի Արդարադատութեան նախարարութիւնը եւ Ազգային ժողովը կառավարող [ՔՊ] մի շարք պատգամաւորներ պնդում են, որ Տաւուշում տեղի ունեցողը նախնական սահմանի զատում է՝ առանց պարզաբանելու, թէ ի՞նչ է դա նշանակում։

ՔՊ պատգամաւորների [իրար հակասող ու խճճող] խօսքերից երեւում է, որ Տաւուշում սիւների տեղադրումից յետոյ է իրականացուելու սահմանի զատում։ Մինչդեռ, հաշուի չի առնւում, որ սիւների տեղադրումը ազդարարում է սահմանի որոշման աւարտը, այլ ոչ թէ սահմանի զատումից առաջ սահմանի որոշման սկզբնական փուլ։

ԱԳ նախարարութեան եւ կառավարության ղեկավարի աշխատակազմի Մայիս 15-ի յայտարարութիւնները անտեսում են Տաւուշի Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար եւ այլ գիւղերի բնակիչների ու ընդհանրապէս երկրի անվտանգութիւնը, ինչպէս նաեւ մարդկանց կենսական իրաւունքներն ու կարիքները։ Չի կարելի խաթարել մարդկանց բնական միջավայրը:

Մեր ուսումնասիրութիւնների համաձայն՝ այս լուծումների հետեւանքով, օրինակ, Կիրանցում ադրբեջանական վերահսկողութեանն է ապօրինաբար յանձնւում 2 տուն եւ շուրջ 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրաւունքներ ունեն Կիրանցի բնակիչները։

Շուրջ 15 տուն յայտնւում է ադրբեջանական անմիջական դիտարկման ներքոյ եւ անմիջապէս սահմանին։

Ադրբեջանական թիրախի ներքոյ է յայտնւում Աճարկուտ գիւղը եւ այլն:

Կառավարութեան ղեկավարի աշխատակազմի յայտարարութիւնը մոլորեցնող է, քանի որ այն տպաւորութիւնն է ստեղծում, թէ ադրբեջանականից Հայկականի վերահսկողութեանն է անցնում 25 հեկտար հողատարածք: Մինչդեռ, մեր պարզած ճշգրիտ տուեալներով՝ այդ հողատարածքը ի սկզբանէ գտնուել է Հայաստանի վերահսկողութեան ներքոյ, այն պարզապէս եղել է ականապատ տարածք։

Ուստի, եւս մէկ անգամ վճռականօրէն արձանագրում եմ, որ տեղի ունեցողը խաթարում է մարդկանց ու ամբողջ երկրի անվտանգութեան համակարգը, չի ապահովում Տաւուշի գիւղերում մարդկանց անվտանգ կեանքը եւ, ի հարկէ, հակադրւում է Հայաստանի պետականութեան ու ժողովրդի շահերին»։