Modern Website Header
Website Header with Working Banner

Ստեփանակերտ.– «Արցախը չի փոխել իր ապագայի տեսլականը եւ ինք կ՚որոշի այն»

Դեկտեմբեր 24-ին կայացած առցանց ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան յայտարարած է շարք մը տեսակէտներ, որոնք բազմաթիւ հարցեր յառաջացուցած են հասարակութեան, քաղաքական գործիչներու եւ քաղաքագէտներու շրջանակին մէջ։ Այս առթիւ News.am-ի թղթակիցը մեկնաբանութիւններու համար դիմած է Արցախի Արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեանին.

– Փոխուե՞լ է արդեօք Արցախի վերաբերմունքն իր ապագայի նկատմամբ։

– Արցախի Հանրապետութեան բնակիչները ոչ մի կերպ չեն փոխել իրենց վերաբերմունքը իրենց ապագայի նկատմամբ, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման, սկզբունքներն եւ մօտեցումները։ Մենք ինքներս եւ միայն մենք ինքներս կ՚որոշենք մեր ապագան։ Մեր մօտեցումը հետեւեալն է՝ մենք երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում։ Սա առաջինը։ Երկրորդ՝ մենք երբեք չենք հրաժարուի մեր պատմական տարածքներից, որոնք ներկայումս բռնագրաւուած են Ադրբեջանի կողմից։ Կարգավիճակի խնդիրը կայ, եղել է եւ կը մնայ բանակցային գործընթացի առանցքային թեմաներից մէկը։ Այս հարցը երբեք դուրս չի մնացել բանակցային գործընթացից եւ միշտ պէտք է մնայ դրա օրակարգում։

– Ինչպէ՞ս կը մեկնաբանէք ԼՂԻՄ-ի յիշատակման պարագան։

– Խօ­սելով Լեռ­նա­յին Ղա­րաբա­ղի Ինքնա­վար Մար­զի մա­սին՝ մենք եր­բեք չենք հրա­ժարո­ւել նրա քա­ղաքա­կան եւ իրա­ւական ժա­ռան­գութիւ­նից։ Աւե­լի՛ն, եր­բեք չենք հեր­քել կամ սե­ւաց­րել այդ ան­ցեալը։ Սա­կայն ԼՂԻՄ-ը մեր ժո­ղովրդի ու պե­տակա­նու­թեան հա­մար ար­դէն ան­ցած փուլ է։ ԼՂԻՄ-ը զար­գացման ճա­նապար­հով դա­դարեց­րեց իր գո­յու­թիւնը՝ վե­րափո­խուե­լով Լեռ­նա­յին Ղա­րաբա­ղի Հան­րա­պետու­թեան կամ Ար­ցա­խի Հան­րա­պետու­թեան՝ նախ­կին ԼՂԻՄ-ը Շա­հու­մեանի շրջա­նին եւ Գե­տաշէ­նի են­թաշրջա­նին միաւո­րելով։ Դա տե­ղի ու­նե­ցաւ 1991 թո­ւակա­նի Սեպ­տեմբե­րի 2-ին՝ Ար­ցա­խի Հան­րա­պետու­թեան հռչակ­մամբ, իսկ նոյն թո­ւակա­նի Դեկ­տեմբե­րի 10-ին Ար­ցա­խի ժո­ղովուրդը հա­մաժո­ղովրդա­կան հան­րա­քուէով հաս­տա­տեց իր կամքը։ Աւելի՛ն, Արցախում տեղի ունեցան այլ հանրաքուէներ՝ 2006 թուականի սահմանադրական հանրաքուէն, 2017 թուականի երկրորդ սահմանադրական հանրաքուէն։ Արցախի ժողովուրդը եւս մէկ անգամ ընդգծեց անկախ պետականութիւն զարգացնելու իր վճռականութիւնը։ Ուստի ԼՂԻՄ-ի որեւէ յիշատակում, ԼՂԻՄ եզրոյթը բանակցային գործընթացում, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում ներառելու փորձերը, պետականութեան այդպիսի նմանատիպը (մոտէլ) որպէս Արցախի ապագայ դիտարկելը մեզ համար կտրականապէս անընդունելի է՝ տարբեր պատճառներով։ Ինչպէս արդէն ասացի, դա անցած փուլ է։ Անցած այս փուլի վերակենդանացումը հարուած է հասցնում Արցախի Հանրապետութեան օրինականութեանը, նրա կայացմանը, ձեւաւորմանը, գոյութեանը։ Սա նաեւ խաչ է քաշում Արցախի տարածքային ամբողջականութեան վրայ, որի տարածքը ոչ մի կերպ չի համընկնում նախկին ԼՂԻՄ-ի սահմանների հետ։

– Ի՞նչ էին ենթադրում ՄԱԿ-ի բանաձեւերը եւ Անվտանգութեան խորհրդի ներգրաւուածութիւնը՝ գործընթացի մէջ։

– ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ չորս բանաձեւ է ընդունել։ Դրանք կապուած էին տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխութիւնների հետ, երբ ի պատասխան Ադրբեջանի նախայարձակման, ԼՂՀ-ն ստիպուած էր ամրապնդել իր պետականութիւնը՝ ազատագրելով մեր պատմական տարածքները։ Ի դէպ, այդ բանաձեւերում ո՛չ մի տեղ Հայաստանի Հանրապետութիւնը չի նշւում որպէս նախայարձակ, ինչպէս փորձում են ներկայացնել Ադրբեջանն ու նրա դաշնակիցները։ Միաժամանակ նշւում է Ղարաբաղի զինուած ուժերի մասին։ Այսպիսով, փաստացի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը, թէկուզ անուղղակիօրէն, ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան գոյութիւնը՝ որպէս առանձին ռազմաքաղաքական սուբյեկտ։ Ինչ վերաբերում է այս բանաձեւերում տարածքային ամբողջականութեան ճանաչմանը, ապա հետեւեալ ձեւակերպումն է տրւում՝ ճանաչւում է Ադրբեջանի Հանրապետութեան եւ այլ պետութիւնների տարածքային ամբողջականութիւնը, եւ խաղաղ կարգաւորման կոչ է արւում։ «Այլ պետութիւններ» ասելով ենթադրւում է Հայաստանը, եւ ինչու ոչ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը։

Խօսելով կարգաւորման գործընթացում ՄԱԿ-ի ներգրաւուածութեան մասին, պէտք է նշել, որ ՄԱԿ-ը, յատկապէս Անվտանգութեան խորհուրդը, երբեք չի յաւակնել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարթակ լինել։ Ի դէպ, ԵԱՀԿ-ն ստեղծուել է 1994 թուականին՝ Լիսաբոնի գագաթաժողովի ժամանակ, երբ այն ԵԱՀԽ-ից վերածուեց ԵԱՀԿ-ի։ Աւելի՛ն, այդ գագաթաժողովում Ղարաբաղը ճանաչուել է որպէս հակամարտութեան կողմ, բանակցային գործընթացի կողմ։

– Շատ խօսուեց այն մասին, որ «Ղարաբաղը միայն հայկական կազմաւորում չէ», իսկ ի՞նչ կ՚ասէիք Ադրբեջանից հայ փախստականների վերաբերեալ։

– Ինչ վերաբերում է ադրբեջանցի փախստականներին եւ այն փաստին, որ Ղարաբաղը միայն հայկական կազմաւորում չէ, ապա նման միտք անընդհատ կրկնում է ադրբեջանական կողմը, միայն մէկ տարբերութեամբ, որ նրանք մեզ ներկայացնում են որպէս եկուոր տարր։ Ուզում եմ ընդգծել, որ փախստականների վերադարձը միշտ դիտարկուել է հետեւեալ համածիրում՝ մարդասիրական հարցերը կարող են լուծուել միայն քաղաքական բոլոր հարցերի լուծումից յետոյ։ Իսկ փախստականների վերադարձը պէտք է համահաւասար լինի։ Այսինքն՝ առանց Բաքուի, Կիրովաբադի, Սումգայիթի եւ այլ շրջանների հայ բնակչութեան վերադարձին, չի կարող լինել ադրբեջանցի փախստականների վերադարձ ԼՂՀ-ում իրենց նախկին բնակութեան վայրեր։ Այս մօտեցումները հայկական կողմերը միշտ արտայայտել են բանակցութիւնների ժամանակ։ Գոնէ Ստեփանակերտը միշտ չէր մոռանում այդ հարցը բարձրացնել բանակցութիւնների ժամանակ։ Ես, յամենայն դէպս, 1998 թուականից մասնակցել եմ այդ գործընթացին, եւ չեմ յիշում նման որեւէ դէպք։