Դեկտեմբեր 27-ին, Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովը հետեւեալ յայտարարութիւնը հրապարակած է՝ Արցախի ինքնիշխանութեան սպառնացող վտանգներու և մարտահրաւէրներու մասին.-
«Ղարաբաղեան հիմնախնդրի տարեգրութեան ողջ ընթացքում պարբերաբար շրջանառւում են հիմնախնդրի էութիւնը խեղաթիւրող և նենգափոխող յայտարարութիւններ, որոնք բարդացնում ու խճճում են հակամարտութեան համապարփակ և վերջնական կարգաւորման գործընթացը։ Անթոյլատրելի ենք համարում տարբեր քաղաքական ուժերի և գործիչների կողմից Արցախի ինքնիշխանութիւնը, նրա հայկական ապագան կասկածի տակ դնող կամ նուազեցնող որեւէ յայտարարութիւն։ Տարակուսելի է, որ վերջին նման յայտարարութիւնը հնչել է Հայաստանի Հանրապետութեան վարչապետի կողմից՝ Դեկտեմբերի 24-ին լրասփիւռների և հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հարցերին պատասխանելու ընթացքում։
Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ Արտայայտելով Արցախի Հանրապետութեան հանրային և քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ մեր անհամաձայնութիւնն ու վրդովմունքն ենք յայտնում հարցազրոյցի ընթացքում հնչած մի շարք վնասակար և վտանգաւոր ձևակերպումների ու գաղափարների պատճառով։
Մտահոգութիւն է առաջացնում այն փաստը, որ 1988 թ. ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղեան շարժման արդիւնքների ֆոնին հնչում են ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թուականի Սեպտեմբերի 2-ին հռչակուած և միջազգային իրաւունքի չափանիշերին լիովին համապատասխան ձևաւորուած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան գոյութիւնը և նրա տևական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղութեամբ։
Նախորդ տարիների բանակցային գործընթացում հայկական կողմերի իրաւական և քաղաքական հիմքերը և մեր ազգային շահերի պաշտպանութիւնն այդ շրջածիրում որևէ հակասութեան մէջ չէր մտնում միջազգային կառոյցների և միջնորդների ներկայացրած դիրքորոշումների հետ։
Այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը երբեք չի անտեսուել միջնորդների կողմից նախկինում ներկայացուած առաջարկներում, հաստատւում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տրուած պարզաբանումներում։
Բանակցային գործընթացում տարբեր տարիների քննարկուած աշխատանքային տարբերակների և բանակցային ձևաչափի հնարաւոր փոփոխութեան մասին շահարկումները մտահոգիչ և վտանգաւոր են։
Անընդունելի ենք համարում Արցախի հայկականութիւնը կասկածի տակ դնող և հնարաւոր օտար տարրերի ներկայութեան կարևորութիւնը ընդգծող յայտարարութիւնները, որոնք մերժելի ու պարսաւելի են Արցախի ազատութեան և անկախութեան համար իրենց կեանքը զոհաբերած հազարաւոր հայորդիների յիշատակի դիմաց։
Գլուխ խոնարհելով Արցախեան գոյապայքարի բոլոր նահատակների առջև, միաժամանակ երախտագիտութիւն ենք յայտնում համայն Հայութեան, մասնաւորապէս Հայաստանի Հանրապետութեան մեր հայրենակիցներին՝ Արցախի կողքին կանգնելու, նրա տառապանքներն ու զրկանքները միասին կիսելու համար:
Հայկական երկու Հանրապետութիւնների եղբայրական փոխյարաբերութիւնների հիմքում տարիներ շարունակ անխափան գործել է դեռևս 1992թ. Յուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի ընդունած որոշումը, որը յստակ սահմանել է միջազգային հանրութեան լիիրաւ անդամ Հայաստանի Հանրապետութեան վերաբերմունքը միջազգային ճանաչման ձգտող Արցախի Հանրապետութեան նկատմամբ: Այդ որոշմամբ ՀՀ-ը պարտաւորւում է “հետևողականօրէն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան և նրա բնակչութեան իրաւունքների պաշտպանութեանը”: Սահմանւում է նաև՝ “Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական որեւէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նշուած կը լինի Ադրբեջանի կազմում”: Այս բանաձևն արդիական է նաև այսօր:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը, վերահաստատելով Արցախի ժողովրդի և իշխանութիւնների դիրքորոշումը Արցախի Հանրապետութեան ինքնիշխանութեան և անկախութեան հարցում, յայտարարում է՝ անընդունելի է առանց Արցախի իշխանութիւնների տեսակէտը հաշուի առնելու դիրքորոշում յայտնելը, քանի որ Արցախի ապագայի հարցով որոշում ընդունելու իրաւասութիւն ունեն միայն Արցախի Հանրապետութեան քաղաքացիների կողմից ընտրութիւնների միջոցով ձևաւորուած իշխանութիւնները»։