Modern Website Header
Website Header with Working Banner

Ազէրպայճանցիները կրակած են Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակելի տուներու ուղղութեամբ

Փետրուար 11-ի առաւօտեան, Արցախի Մարտունիի շրջանի Կարմիր շուկայ և Թաղավարդ համայնքներու դրացնութեամբ հաստատուած ազէրպայճանական դիրքերէն կրակած են բնակելի տուների ուղղութեամբ։ Լուրը հաղորդած է Արցախի Մարդկային իրաւանց պաշտպան Գեղամ Ստեփանեան։

“Հաշուի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի միջև առկայ հեռաւորութիւնը և այն, որ գիւղի բնակելի հատուածը ուղղակի դիտարկւում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևութիւնը, որ ադրբեջանական կողմը թիրախաւորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասուել են բնակարաններ՝ տան պատեր, տանիքներ։ Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղուած նոյն գործողութիւնների ընթացքում խոցուել է նաև Կարմիր շուկայ համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հիւրասենեակը, որտեղ գտնւում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը”,– Դիմագիրքի իր էջին գրած է Ստեփանեան։

Արցախի ՄԻՊ-ը նշած է, թէ Ազէրպայճանի յանցաւոր գործողութիւնները պարբերական ու համակարգուած բնոյթ կը կրեն և նպատակ ունին Արցախի մէջ վախի, յուսահատութեան մթնոլորտ ստեղծելու։

“Ադրբեջանը շարունակելու է Արցախի ժողովրդի դէմ ուղղուած իր յանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրութիւնը միաձայն չի դատապարտել մարդկութեան դէմ ուղղուած ադրբեջանական բացայայտ անօրինականութիւնները”,– շեշտած է ան։