Փետրուար 28-ին, Ժընեւի մէջ կայացած ՄԱԿ-ի մարդկային իրաւանց խորհուրդի 49-րդ նստաշրջանին ելոյթ ունեցած է ՀՀ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան։ Նիստին նախագահած է ՄԱԿ-ի Մարդկային իրաւանց խորհուրդի փոխնախագահ, ՄԱԿ-ի Ժընեւի գրասենեակին եւ միջազգային այլ կազմակերպութիւններու մէջ ՀՀ մնայուն ներկայացուցիչ Անդրանիկ Յովհաննիսեան։
ՀՀ ԱԳ նախարարը իր ելոյթին մասնաւորապէս նշած է.-
“Ինձ համար մեծ պատիւ է ողջունել ձեզ, պարո՛ն փոխնախագահ՝ որպէս Խորհրդի այս նստաշրջանի նախագահող:
Մարդու իրաւունքների խորհուրդը բազմակողմ դիւանագիտութեան առանցքային ձեռքբերումներից է, քանի որ այն հանդիսանում է մարդու իրաւունքների երկխօսութեան պահպանման եւ խթանման անփոխարինելի հարթակ՝ անկախ միջազգային եւ տարածաշրջանային տարբեր ճգնաժամերից: Այս խորհուրդը կոչուած է պաշտպանելու իւրաքանչիւրին բոլոր ժամանակներում։ Այստեղ Անհատի անկապտելի արժանապատւութիւնն է նժարին դրուած։ Աշխարհում գոյութիւն ունեցող եւ փոփոխուող բազում ճգնաժամերի պայմաններում հակամարտային իրավիճակներում գտնուող մարդկանց իրաւունքները պէտք է լինեն Մարդու իրաւունքների խորհրդի եւ նրա յատուկ ընթացակարգերի յատուկ ուշադրութեան կենտրոնում։
Հէնց այս տեսլականով ու նպատակներով է Հայաստանը մեկնարկել Խորհրդում իր անդամակցութեան երրորդ տարին։ Կարծում եմ` արտաքին թեմատիկ խնդիրների եւ երկրի ճգնաժամային իրավիճակների արձագանգման եւ հասցէագրման գործում մենք կարողացանք մեզ դրսեւորել որպէս վստահելի եւ յուսալի գործընկեր: Մենք վճռական ենք՝ շարունակելու մեր ներդրումը՝ առաւելագոյնս կառուցողական եւ դրական:
Այս համածիրում ուրախ եմ յայտնելու, որ Հայաստանը մտադիր է խորհրդի այս նստաշրջանում կրկին ներկայացնել Ցեղասպանութեան կանխարգելման մասին բանաձեւի նախագիծը։ Սա մի օրակարգ է, որը Հայաստանը տարիներ շարունակ առաջ է մղում։ Ժընեւում մեր խումբը կազմակերպելու է խորհրդակցութիւնների թափանցիկ գործընթաց՝ բոլոր շահագրգիռ պետութիւնների եւ այլ կողմերի մասնակցութեամբ։
Ադրբեջանի կողմից սանձազերծուած 44-օրեայ պատերազմի հետեւանքով առաջացած բարդութիւններից եւ քաղաքական ճգնաժամից յետոյ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, որով Հայաստանի ժողովուրդը վերահաստատեց իր հաւատարմութիւնն ու նուիրուածութիւնը ժողովրդավարական արժէքներին եւ մարդու իրաւունքներին: Միջազգային դիտորդներն արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները գնահատել են որպէս մարդու իրաւունքների ոլորտում ստանձնած յանձնառութիւններին եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան։
Պարո՛ն փոխնախագահ,
Այս տարի լրանում է ՄԱԿ-ին՝ Հայաստանի անդամակցութեան 30-ամեակը։ Վերահաստատում եմ իմ երկրի անսասան յանձնառութիւնը՝ բազմակողմանիութեան, որի հիմքում է ՄԱԿ-ը, ինչպես նաեւ մեր լիակատար հաւատարմութիւնը ՄԱԿ-ի կանոնադրութեան նպատակներին ու սկզբունքներին։
Ինքնորոշման իրաւունքը ՄԱԿ-ի հիմնական նպատակներից է, եւ այդ իրաւունքի դէմ ուժի կիրառումը կարող է առաջացնել մարդու իրաւունքների խախտումների մի ամբողջ շղթայ, ներառեալ՝ զանգուածային ոճրագործութիւններ եւ ցեղային զտումներ: Սա այն է, ինչին մենք ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դէմ 2020-ին սանձազերծուած պատերազմի ժամանակ եւ յետոյ։
ՄԱԿ-ը եւ նրա մարմիններն օժտուած են համընդհանուր լիազօրագրով՝ անվերապահ, անխոչընդոտ, անարգել հասանելիութիւն ունենալու կարիքի մէջ գտնուող մարդկանց՝ անկախ նրանց գտնուելու վայրից եւ հանգամանքներից: Մենք կոչ ենք անում միջազգային հանրութեան՝ պատասխանատւութիւն ստանձնել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում անվերապահ հասանելիութիւն ապահովելու համար։
ՄԱԿ-ի յատուկ ընթացակարգային լիազօրագիր ունեցողները մի քանի անգամ դիմում են յղել Ադրբեջանին, որտեղ արծարծւում են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համածիրում վարձկաններ օգտագործելու, արտադատական մահապատիժների, կամայական ձերբակալութիւնների, բռնի անհետացումների, կրօնական եւ մշակութային ժառանգութեան ոչնչացման վերաբերեալ հարցեր: Ադրբեջանը հրաժարուել է պատշաճ պատասխան տալ եւ փաստօրէն, ընդհանրապէս չի պատասխանել վերջին դիմումներին, ինչը բացայայտ մարտահրաւէր է ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների կառոյցին։
Անպատժելիութիւնը յանգեցնում է նոր խախտումների։ Լեռնային Ղարաբաղից բացի Ադրբեջանը շարունակում է մարդու իրաւունքների խախտումների իր քաղաքականութիւնը՝ այժմ էլ Հայաստանի Հանրապետութեան սահմանամերձ շրջաններում, որտեղ քաղաքացիական բնակչութիւնը տուժում է Ադրբեջանի զինուած ուժերի շարունակական սադրիչ գործողութիւններից: Այս յարձակողական քաղաքականութիւնն ուղեկցւում է միջազգային մարդասիրական իրաւունքի բացայայտ խախտումներով։ Հրադադարի հաստատումից 16 ամիս անց Ադրբեջանը շարունակում է պահել 38 հայ ռազմագերիների, այդ թւում՝ քաղաքացիական անձանց, իսկ հարիւրաւոր անյայտ կորածների, այդ թւում՝ տասնեակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացայայտուած:
Պարո՛ն փոխնախագահ,
Այն մարդկանց ծանր վիճակը, որոնց ՄԱԿ-ը հասանելիութիւն չունի, պէտք չէ մոռացուի: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պէտք չէ խտրականութեան ենթարկուի իր ծագումի, լեզուի, կրօնի, քաղաքական կամ այլ համոզումների, ազգային ծագումի կամ այլ պատճառներով: Մենք ձգտում ենք հասնել Հայերի անվտանգ, արժանապատիւ եւ կամաւոր վերադարձին իրենց հայրենի տները՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում։
2021 թուականի Դեկտեմբերի 7-ին Միջազգային դատարանի կողմից առաջադրուած միջանկեալ միջոցները, որոնք Ադրբեջանին հարկադրում են դադարեցնել Հայերի նկատմամբ ցեղապաշտական եւ խտրական դրսեւորումները, ներառեալ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումը եւ վանդալիզմը, պէտք է անվերապահօրէն կատարուեն: Այս միջոցները գալիս են ապացուցելու Ադրբեջանի հակահայկական քաղաքականութիւնը, այդ թւում՝ վերջինիս ռազմատենչ հռետորաբանութիւնը, ժողովրդին գոյատեւման միջոցներից զրկելը, հայ բնակչութեանն անընդհատ ահաբեկել ու ուժի կիրառման նոր սպառնալիքը։
Միայն այս խնդիրների հասցէագրմամբ մենք կարող ենք ապահովել մեր տարածաշրջանում կայունութիւն, խաղաղութիւն, արդարութիւն եւ մարդու համընդհանուր իրաւունքների պաշտպանութիւն։
Շնորհակալութիւն”։