«Շնորհաւորում եմ բոլորիս Հայրենական Մեծ պատերազմում տարած յաղթանակի 77-րդ տարեդարձի առիթով։ Այս տօնը խորհրդանշում է Երկրորդ աշխարհամարտի աւարտը եւ մարդկութեան պատմութեան նոր դարաշրջանի մեկնարկը:
Պատերազմում տարած յաղթանակով քաղաքակիրթ մարդկութիւնը ո’չ ասաց ամենամեծ չարիքներից մէկին՝ ֆաշականութեան: Այդ գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի աւելի քան կէս միլիոն ներկայացուցիչներ Խորհրդային բանակի եւ դաշնակից երկրների բանակների կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան մարդկութիւնը ֆաշականութիւնից փրկելու գործում:
Երկրորդ աշխարհամարտում մենք ունեցանք աւելի քան 300 հազար զոհ: Այսօր խոնարհւում ենք մեր հերոսների, մեր նահատակների գործի ու յիշատակի առաջ, հպարտանում՝ մեր նախնիների հերոսութեամբ:
Հայրենական մեծ պատերազմում, Երկրորդ աշխարհամարտում հերոսացած մեր պապերի ու հայրերի ոգին էր, որ 1990-ականների սկզբներին միաձուլուելով կամաւորական ոգու հետ՝ դարձաւ Արցախեան գոյապայքարի, Արցախեան առաջին պատերազմում տարած յաղթանակի եւ Շուշիի ազատագրման առհաւատչեան:
Այսօր` 44-օրեայ աղէտաբեր պատերազմից յետոյ, կսկիծով ու դառնութեամբ ենք արձանագրում, որ Արցախեան առաջին պատերազմում տարած յաղթանակը ոչ միայն չկարողացանք փոխակերպել դիւանագիտական, քաղաքական, տնտեսական յաղթանակի, այլեւ այդ յաղթանակի բազմաթիւ պտուղներ կորսուած են, Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագոյն մարտահրաւէրների առաջ:
Այս իրավիճակին, սակայն, մեր արձագանգն ամենեւին էլ վախճանաբանութիւնը պիտի չլինի, այլ՝ սթափ, սառը վերլուծութիւնն այն պատճառների, որ յանգեցրել են ռազմաքաղաքական ու տարածաշրջանային այսօրուայ վիճակին:
Յանուն Հայրենիքի իրենց կեանքը տուած մեր նահատակների արիւնը պէտք չէ մսխուի եւ նրանց գործի մեծագոյն արտայայտումը պիտի դառնայ Հայոց ուժեղացող պետականութիւնը, Արցախի Հայութեան իրաւունքների լիարժէք իրացումը, մեր սերունդների խաղաղ զարգացումն ու տարածաշրջանային խաղաղ գոյակցութիւնը, որն Արցախի ու Հայաստանի անվտանգութեան միակ յուսալի երաշխիքն է:
Ժողովրդի քուէն ստացած քաղաքական մեծամասնութիւնը Հայաստանն առաջնորդում է հէնց այս ճանապարհով՝ հասկանալով այն բոլոր դժուարութիւնները, որ ի յայտ են գալու: Մենք պատրաստ ենք առերեսուել այդ դժուարութիւններին, որովհետեւ մեզ առաջնորդում է համոզմունքը, որ այո՛, մենք շարժւում ենք դժուար, բայց ճիշտ ճանապարհով:
Մենք մեր երկրի վրայ թափուած աղէտների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագոյն առաքելութեան. առաջնորդել մեր Հայրենիքը անխուսափելի եւ երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նիւթուած աղէտների միջով եւ նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի:
Մարտի դաշտում տարած յաղթանակները միշտ չէ, որ կարողացել ենք դարձնել կեանքի յաղթանակ: Մարտի դաշտում կրած մեր անյաջողութիւնները պիտի կարողանանք դարձնել յաղթանակ՝ կրթութեան, գիտութեան, արդիւնաբերութեան, տնտեսութեան, արտաքին քաղաքականութեան ոլորտում, որոնց հանրագումարը պիտի լինի տեւական եւ կայուն խաղաղութիւնը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգաւորումը:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում յանուն Հայրենիքի մարտնչած, իրենց կեանքը նուիրած մեր պապերի, մեր հայրերի, մեր եղբայրների ու մեր զաւակների առաջ: Պատերազմներում նրանց տարած յաղթանակները, պատերազմներում մեր ունեցած անյաջողութիւնները պիտի դառնան կեանքի յաղթանակ:
Յաւերժ փառք մեր հերոսներին»: