Search
Close this search box.

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձը  Հանրապետութեան տօնին առիթով

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ ժողովուրդ,

շնորհաւորում եմ բոլորիս Հանրապետութեան տօնի առիթով։

Այսօր մենք տօնում ենք մեր պատմութեան ամենակարեւոր իրադարձութիւններից մէկը՝ Առաջին Հանրապետութեան հիմնադրման օրը: Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով. Առաջինը՝ որովհետև մենք աւելի քան 500 տարուայ ընդմիջումից յետոյ ունեցանք պետականութիւն։ Երկրորդ պատճառն այն է, որ առաջին անգամ ունեցանք Հանրապետութիւն, այսինքն՝ մի պետական կարգ, որտեղ իշխանութիւնը ձևաւորւում է ժողովրդի կատարած ընտրութեան արդիւնքում։ Երրորդ պատճառն այն է, որ Հանրապետութիւնը, պետութիւնը, որը ցանկացած ժողովրդի կազմակերպման բարձրագոյն ինստիտուտ է, մենք կարողացանք ստեղծել յուսահատութեան պահին, երբ հայոց ցեղասպանութեան մահաբեր անիւը շարունակւում էր պտտուել։

Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը հռչակուեց 1918 թուականի Մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից յետոյ։ Դա այն ժամանակահաշրջանն էր, երբ թւում էր վերջ՝ այլեւս հնարաւոր չէ ոչ միայն ունենալ պետականութիւն, այլեւ պահպանել ինքնութիւնը, լեզուն եւ մշակոյթը։

Սակայն մեր ժողովուրդը կարողացաւ օրհասական պահին գործել որպես մէկ բռունցք՝ ուժերի համախմբմամբ, միասնականութեամբ կերտել Առաջին Հանրապետութիւնը։ Այդ գործում անուրանալի է Արամ Մանուկեանի, Թովմաս Նազարբէկեանի, Մովսէս Սիլիկեանի, Դրոյի, Նժդեհի, Դանիէլ ու Պօղոս Բէկ Փիրումեանների, եզդիական հեծեալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղայի, զէնքը ձեռքին կռուող հոգեւորականների դերը։

Մեր այս մեծերի եւ հազարաւոր ուրիշ հայրենակիցների ջանքերով ձեռքբերուած սրբազան անկախութիւնն ընդամէնը երկուսուկէս տարի անց կորսուեց։ Սրան նախորդեցին պատերազմը, տարածքային ու մարդկային ողբերգական կորուստներ։ Սա տեղի ունեցաւ այն պատճառով, որ երկու տարուայ ընթացքում Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը չկարողացաւ, չհասցրեց քաղաքական, միջազգային, տարածաշրջանային ինստիտուցիոնալ դիմակայութիւն ձեռք բերել, իր շուրջ խաղաղութիւն հաստատել։

Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրաւէրների առաջ ու մեզ մտքի բացառիկ ճկունութիւն, երկաթեայ կամք ու մանանեխի հատիկի չափ հաւատ է հարկաւոր այդ մարտահրաւէրները յաղթահարելու համար։ Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետութիւնը գլոբալ մարտահրաւէրների առաջ դիմակայուն դարձնելու համար։ Երրորդ Հանրապետութիւնում մենք ցաւալիօրէն շատ ժամանակ ենք վատնել։ Բայց Սարդարապատի հերոսները, Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերը մեզ ոգեշնչում են շարունակաբար։ Ու պետութիւնն, անկախութիւնն, ինքնիշխանութիւնը մեր ազգային ինքնագիտակցութեան անբաժանելի մաս է այլեւս։ Պետութիւնը, պետականութիւնը պիտի մեր ամէնօրեայ աշխատանքի, գորովանքի, պատկառանքի առարկան դառնայ, եւ խաղաղութիւնը պիտի դառնայ այն միջավայրը, որի պայմաններում մենք Առաջին Հանրապետութեան հիմնադիր հայրերից ստացած պետականութիւնը պիտի դարերով փոխանցենք մեր սերունդներին։

Շնորհաւոր Մայիսի 28: Շնորհաւոր Հայոց պետականութեան վերածննդի օրը»։

Կապուեցէք այս էջին ամբողջական պարունակութիւնը տեսնելու համար։

Եթէ չունիք բաժանորդագրութիւն, կրնաք այստեղ արձանագրուիլ՝