Ստորեւ՝ ՀՀ Արտաքին գործոց նախարարութեան հաղորդագրութեան հիմնական բաժինները.-
«Խստօրէն դատապարտում ենք Մայիսի 28-ին ՀՀ սահմանագօտու հարաւարեւելեան ուղղութեամբ Ադրբեջանի զինուած ուժերի կողմից հրադադարի կոպիտ խախտումը, որի հետեւանքով զոհուել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Դաւիթ Վահանի Վարդանեանը:
Յատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ Մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առաւելապաշտական յայտարարութիւնները, որոնք ներառում էին նաեւ նկրտումներ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Այս առումով ցանկանում ենք յիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021 Մայիսից Սոթք-Խոզնավար հատուածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք եւ բռնագրաւել աւելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք:
Մայիսի 28-ին եւ նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադէպերը, հրադադարի պարբերական խախտումները կրկին անգամ հիմնաւորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զօրքերի հայելային յետքաշման (փոխադարձ կարգով հեռացման – “ՆՅ”) եւ սահմանագօտում դիտորդական առաքելութիւն տեղակայելու անհրաժեշտութիւնը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:
Հաշուի առնելով նաեւ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերով յանձնաժողովն արդէն սկսել է իր աշխատանքները, այս միջադէպը պէտք է համապատասխան հետաքննութեան ու գնահատականի արժանանայ յանձնաժողովի կողմից։
Միաժամանակ, յիշեցնում ենք, որ 2020 Նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ հաստատուած հրադադարի՝ նախորդ կոպիտ խախտման հետեւանքները, որի արդիւնքում Ադրբեջանի զինեալ ուժերը ներխուժել էին Ռուսաստանի խաղաղապահ զօրակազմի պատասխանատւութեան գօտում գտնուող Լեռնային Ղարաբաղի Փառուխ գիւղ, մինչ այժմ վերացուած չեն։
Կարեւոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, եւրոպական միութիւնը եւ ողջ միջազգային հանրութիւնը պատշաճ ու հասցէական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողութիւններին ու յայտարարութիւններին, յարձակողական հռետորաբանութեան, որոնք Հարաւային Կովկասում խաղաղութեան հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն։
Ադրբեջանի ղեկավարութեան կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողութիւններից եւ հռետորաբանութիւնից, կատարել եռակողմ յայտարարութիւններով եւ պրիւսէլեան հանդիպումների արդիւնքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունութեան ու անվտանգութեան հաստատման յանձնառութիւնները»։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։