Արցախի հանրապետութեան Պետական նախարար Արտակ Բեգլարեան Դիմագիրքի իր էջի գրառման մէջ անդրադարձած է վերջին օրերուն ազերպայճանական յարձակման հետեւանքով ստեղծուած իրավիճակին:
Ստորեւ՝ Պետական նախարարին գրառումը.-
«Վերջին օրերի ադրբեջանական յարձակման ընթացքում մեր զինծառայողները բազմիցս դիմակայել են ադրբեջանական գրոհներին ու սադրանքներին: Ցաւօք, հիմնականում անօդաչու սարքերի հարուածներից ունեցել ենք 2 զոհ եւ 19 վիրաւոր: Իմ խորին ցաւակցութիւններն եմ յայտնում զոհերի հարազատներին, իսկ վիրաւորներին մաղթում եմ շուտափոյթ ապաքինում:
Այս դէպքերը մէկ անգամ եւս ապացուցեցին՝
1 – Արցախի ժողովրդի դիմադրութեան ոգին կոտրուած չէ, եւ մենք պատրաստ ու ունակ ենք ինքնապաշտպանութեան,
2 – Ադրբեջանը շարունակում է հայատեացութեան ու պատերազմի քաղաքականութիւնը՝ բացառելով հայ ազգի գոյութիւնն առնուազն Արցախում, իսկ ապագայում՝ նաեւ Հայաստանում,
3 – Միջազգային ռազմաքաղաքական երաշխիքներն ու գործիքակազմերը, յատկապէս այս փխրուն աշխարհակարգի պայմաններում, ամբողջութեամբ չեն ապահովում Արցախի ժողովրդի կայուն անվտանգութիւնը, եւ մենք ստիպուած ու պարտաւոր ենք շարունակաբար բարելաւել մեր ռազմավարական դիմադրողականութեան մակարդակը,
4 – Ադրբեջանի հայամերժ քաղաքականութեան պայմաններում հակամարտութեան աւարտը տեսանելի չէ, եւ Բաքուն փորձելու է պարբերաբար իրականացուող սադրանքների, իրաւախախտումների ու տարաբնոյթ ճնշումների միջոցով քիչ-քիչ է՛լ աւելի բարելաւել իր ռազմաքաղաքական դիրքերը տարածաշրջանում ու հասնել Արցախի հայաթափմանը։ Այդ նպատակի համար Ադրբեջանը կիրառում է տարբեր միջոցներ, ներառեալ՝
Ա) ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառում,
Բ) սեփական ռազմական կարողութիւնների շարունակական բարելաւում,
Գ) Թուրքիայի ներքաշում տարածաշրջանային յարաբերութիւնների մէջ՝ սեփական օրակարգային հարցերով,
Դ) Արցախի մեկուսացման խորացում,
Ե) տարածաշրջանում ու աշխարհում Ադրբեջանի դերի ամրապնդմամբ ու կեղծ տեղեկատուական հոսքերով ադրբեջանական թեզերի ու շահերի առաջմղում,
Զ) հայութեան տարբեր հատուածների միջեւ պառակտման հրահրում ու խթանում,
Է) Հայերի (առաջնահերթօրէն՝ Արցախահայութեան) շրջանում անօգնականութեան ու անելանելիութեան զգացողութեան սերմանում,
Ը) Արցախում ապրելու համար կարեւոր պայմանների վատթարացում ու խոչընդոտում,
Թ) Ռուսաստանի խաղաղապահ զօրակազմի եւ ընդհանրապէս այդ երկրի լծակների ու հնարաւորութիւնների սահմանափակում տարածաշրջանում, եւ հեղինակազրկում՝ յատկապէս Հայերի շրջանում։
5 – Քանի որ Արցախը բացառիկ նշանակութիւն ունի Հայաստանի եւ ողջ Հայութեան համար եւ հաշուի առնելով վերոնշեալ վտանգները՝ մեր միակ լուծումը Արցախի եւ Հայաստանի ռազմավարական դիմադրողականութեան մակարդակի շարունակական ու արագ բարձրացումն է յատկապէս հետեւեալ ոլորտներում՝
Ա) կայուն անվտանգութիւն,
Բ) աճող ժողովրդագրութիւն,
Գ) զարգացող տնտեսութիւն,
Դ) որակեալ կրթութիւն,
Ե) արդիւնաւէտ կառավարում,
Զ) ազգային գաղափարախօսութիւն,
Է) գործնական բնոյթի (pragmatique) միջազգային յարաբերութիւններ։
6 – Այս ամէնին հասնելու համար մեզ անհրաժեշտ է Արցախի հայկական ապագայի եւ Հայոց պետականութեան զարգացման ու զօրացման շուրջ ապահովել համազգային կայուն ու գործնական համախմբում,
7 – Եթէ կորցնենք Արցախը, ապա կը շրջենք Հայոց պատմութեան եթէ ոչ վերջին, ապա նախավերջին էջը:
Այս հարցերի եւ հայ ազգի համար Արցախի բացառիկ կարեւորութեան (արցախականութեան) ու Արցախի ապագայի շուրջ իմ աւելի մանրամասն մտորումները կը ներկայացնեմ առաջիկայում՝ ծաւալուն յօդուածով»:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։