Արայիկ Յարութիւնեանի շնորհաւորական ուղերձը
Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեան Սեպտեմբեր 2-ին հետեւեալ ուղերձը յղած է Արցախի հանրապետութեան օրուան առիթով.-
«Սիրելի՛ հայրենակիցներ,
1991 թուականի Սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմութեան մէջ մտաւ որպէս ճակատագրական ու վճռորոշ օր: Ժողովրդական պատգամաւորների ԼՂԻՄ մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց Արցախի Հանրապետութեան անկախութեան հռչակագիրը՝ ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ հանրապետութեան կազմաւորման մասին: Պահը պատմական էր, ժողովրդի ազատ ու անկախ ապրելու որոշումը՝ անխախտ, կամքը՝ անկոտրում, ոգին՝ անպարտելի:
Սակայն, միջազգային իրաւունքի չափանիշերին ու սկզբունքներին համապատասխան ժողովրդավարական պետութիւն կառուցելու մեր ճանապարհը լի էր անասելի փորձութիւններով ու դժուարութիւններով:
2020 թուականի 44-օրեայ պատերազմը հայ ժողովրդի համար դարձաւ մի նոր արհաւիրք՝ խլելով մեր հազարաւոր քաջազուն որդիների կեանքը, խեղելով բազմաթիւ ճակատագրեր: Մենք երախտապարտ ենք Հայրենիքի անկախութեան ու հայ ժողովրդի արժանապատիւ գոյութեան համար իրենց կեանքը զոհաբերած բոլոր նահատակներին. խոնարհւում ենք նրանց պայծառ յիշատակի ու հպարտ հարազատների առջեւ:
Մայր Հայրենիքի հետ Արցախի կապն այսօր ապահովում է “Լաչինի միջանցք”-ի նոր երթուղին, որի անվտանգութիւնը մեր Հանրապետութեան համապատասխան կառոյցների հետ ապահովում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը: Մենք խորապէս շնորհակալ ենք մայր Հայաստանում եւ Սփիւռքում ապրող մեր հայրենակիցներին՝ մշտապէս ցուցաբերուող զօրակցութեան համար, Ռուսաստանին՝ Արցախում ստանձնած մեծ առաքելութեան համար, եւ բոլոր այն պետութիւններին, քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնք այս բոլոր տարիներին եղել են մեր կողքին՝ հաւատարիմ մնալով արդարութեան, մարդասիրութեան ու ժողովրդավարութեան համամարդկային արժէքներին:
Արցախի ժողովուրդը 31 տարի յետոյ էլ հաստատակամօրէն ու վճռական յայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձութիւնների, հաւատարիմ է իր ընդունած որոշմանը, հաւատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան:
Արցախը պէտք է միշտ լինի կանգուն, լինի հայկական եւ շարունակի իր ընթացքը անկախութեան ճանապարհով»: