Search
Close this search box.

Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը

 

«ԹՇՆԱՄԻՆ ՉԻ ՓՈԽՈՒԵԼ, ՉԵՆ ՓՈԽՈՒԵԼ ՆԱԵՒ ՆՐԱ ՆԿՐՏՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՄՏԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ»

Սիրելի՛ ժողովուրդ Հայոց,

Վերստին խռովուած են մեր հոգիները: Ցաւով եւ անհանգստութեամբ ենք հետեւում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծուած սադրիչ մարտական գործողութիւններին, որոնց հետեւանքով գնդակոծուել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր եւ վիրաւորներ: Դատապարտելի են խաղաղութեան օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատուածում ձեռնարկուած այս դաւադիր քայլերը: Ակնյայտ է` թշնամին չի փոխուել, չեն փոխուել նաեւ նրա նկրտումներն ու մտադրութիւնները: 2020 թուականի պատերազմը, վայրագ գործողութիւնները Արցախի մեր ժողովրդի եւ ոտնձգութիւնները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժէք միջազգային գնահատականի այդպէս էլ չարժանացան, համարձակութիւն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողութիւններով փորձելու հասնել ցանկալի զիջումների: Իրական, արժանապատիւ խաղաղութիւնը չի կարող հաստատուել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել եւ յարատեւութիւն ունենալ:

Սիրելի՛ զաւակներ մեր ի Հայաստան, Արցախ եւ ի Սփիւռս, վստահ ենք, մեր ժողովրդի ոգին ամուր է, հայրենիքի սահմանները պահող զինուորները` անվեհեր: Թիկունքում հայրենի սրբազան հողն է, մեր ընտանիքները, հայրենի դրօշը ծածանող մեր նահատակ հերոսների շիրիմները եւ առ Աստուած ձայնող տաճարները: Առկայ իրադրութեան մէջ թոյլ չպէտք է տանք, որ անմիաբանութիւնն ու ներհասարակական բեւեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտութիւնների, պարտադրուած խաղաղութիւնը` նոր զիջումների: Մեր միասնականութեամբ եւ հայրենիքի հանդէպ հաւատարմութեամբ պէտք է դիմակայենք նաեւ այս փորձութեանը: Արդ, մեր կարողութիւններն ու հնարաւորութիւնները, ազգային ողջ ներուժը համախմբենք եւ սատար լինենք Հայոց Բանակին եւ հայրենիքի կարիքներին: Չերկմտենք եւ գործենք առ հայրենին սիրով եւ պատասխանատւութեամբ: Ամենայն յանձնառութեամբ իւրաքանչիւրս մեր պատասխանատւութեան ոլորտում անենք կարելին` յանուն անկախ պետականութեան անսասանութեան, յանուն մեր ազգի յարատեւութեան:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրութեանը եւ յատկապէս մեր բարեկամ երկրներին՝ ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական յարձակումն ու նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ: 

Եղբայրական մեր դիմումն է Քոյր Եկեղեցիների հովուապետերին աղօթելու առաջին քրիստոնեայ պետութեան, նրա հաւատաւոր ժողովրդի ապահովութեան համար, եւ նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղութեան հաստատմանը:

Մեր հայցն է առ Միածին Որդին` մեր Տէրը Յիսուս Քրիստոս` վերստին այցի գալու իր փոքր հօտին, որին դարեր առաջ ընտրեց ի վկայութիւն իր հաւատի: Աղօթում ենք զոհուած մեր զաւակների հոգիների խաղաղութեան, նրանց հարազատների ու ընտանիքների մխիթարութեան համար: Շուտափոյթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրաւորներին: Թող Տէրը ամուր ու տոկուն պահի եւ Իր Ամենախնամ Սուրբ Աջով պահպանի հայոց զինուորին:  

Աստուած պահապան Հայոց բանակին եւ մեր հայրենիքին»։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ