«Մենք՝ ԼՂՀ բնակիչներս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական հանրահաւաքի մասնակիցներս, յայտարարում ենք, որ մենք պաշտպանելու ենք ԼՂՀ ինքնիշխանութիւնն ու պետականութիւնը։
31 տարի առաջ մենք անկախութիւն հռչակեցինք եւ իրականացրեցինք ինքնորոշման մեր իրաւունքը՝ միջազգային իրաւունքին եւ Խորհ. Միութեան օրէնսդրութեան լիովին համապատասխան։ Այդ որոշումներն ամրագրուած են “ԼՂՀ անկախութեան մասին հռչակագրով” եւ համաժողովրդական հանրաքուէի արդիւնքներով։ Ադրբեջանը շարունակում է իրականացնել աւելի քան հարիւր տարի առաջ Թուրքիայի կողմից սկսուած հայ ժողովրդի ցեղասպանութիւնը։
Ղարաբաղի Հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականութիւնն Ադրբեջանի կողմից իրականացուել է նաեւ խորհրդային իշխանութեան տարիներին, եւ Խորհ. Միութեան փլուզումից յետոյ բոլոր հետագայ տարիներին։ Այն շարունակւում է նաեւ այսօր, ինչի մասին, օրինակ, վկայում են վերջին օրերի իրադարձութիւնները, երբ տեղի է ունեցել զինուած ներխուժում Հայաստանի Հանրապետութեան տարածք, որն ուղեկցուել է մարդկութեան դէմ յանցագործութիւններով՝ սպանուածների մարմինները ծաղրելով, գերիներին գլխատելով եւ հայատեաց այլ անմարդկային դրսեւորումներով։
Ադրբեջանը, չթաքցնելով Հայերի եւ հայկական պետականութեան ոչնչացման իր մտադրութիւնները, իրականացնում է Հայոց ցեղասպանութիւնը՝ իր յանցաւոր գործողութիւնների մէջ ներգրաւելով տարածաշրջանային եւ միջազգային այլ ուժերի: Մի՛այն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրաւունք ունի որոշելու իր ճակատագիրը։
Հայաստանը Խոդհ. Միութեան փլուզումից յետոյ բոլոր տարիներին հանդիսանում էր ԼՂՀ անվտանգութեան երաշխաւորը եւ միջնորդական գործառութներ էր իրականացնում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում։ Բայց Հայաստանի ղեկավարութիւնն իրաւունք չունի ստորագրել որեւէ փաստաթուղթ, որը նախատեսում է ԼՂՀ գոյութիւն ունեցող կարգավիճակի փոփոխութիւն։ Նման կարգի ցանկացած փաստաթուղթ օրինական չէ եւ իրաւաբանական ուժ չունի։
Ճանաչէ՛ք ԼՂՀ անկախութիւնը՝ մի՛ մասնակցէք Ադրբեջանի եւ նրա դաշնակիցների կողմից իրականացուող Հայոց ցեղասպանութեան»։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։