Վարչապետ Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձը Ամանորի եւ Սուրբծննդեան տօներուն առթիւ

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետութեան սիրելի քաղաքացիներ, 

2023 թուականը մեր աչքի առաջ ահա հալւում է, և 2024 թուականը րոպէներ անց մեր տները կը մտնի ջերմեռանդ պատանու նման: 

2023 թուականը նոյնպէս փակում ենք բարձր տնտեսական աճով և նախ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել այն մարդկանց, ովքեր 2023 թուականին աշխատել են, ստեղծագործել աշխատանքի մէջ, աւելացուած արժէք ստեղծել և վճարել օրէնքով նախատեսուած հարկերը:

Նախևառաջ այդ մարդկանց շնորհիւ է, որ զինուորականների և ուսուցիչների աշխատավարձերը կրկնապատկելու հնարաւորութիւն ենք ստացել և այսօր մեր երկրում 450-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձով ուսուցիչներ ու շարքային կազմի զինուորականներ կան: 

Աշխատող, աշխատանքի մէջ ստեղծագործող և օրէնքով նախատեսուած հարկերը վճարող մարդկանց շնորհիւ է, որ մենք կարողացել ենք Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր քոյրերի և եղբայրների առաջին անհրաժեշտութեան կարիքները հոգալ: 

Աշխատող, աշխատանքի մէջ ստեղծագործող և օրէնքով նախատեսուած հարկերը վճարող մարդկանց շնորհիւ է, որ կարողացել ենք Երրորդ հանրապետութեան պատմութեան մէջ առաջին անգամ նուազագոյն կենսաթոշակները համապատասխանեցնել նուազագոյն պարէնային զամբիւղին: 

Աշխատող, աշխատանքի մէջ ստեղծագործող և օրէնքով նախատեսուած հարկերը վճարող մարդկանց շնորհիւ է, որ երրորդ տարին անընդմէջ Յունուարի 1-ից կը բարձրանայ գիտաշխատողների աշխատավարձը: 

Աշխատանքի մէջ ստեղծագործող, նոր գաղափարներ առաջ բերող, այդ գաղափարների իրագործման պատասխանատւութիւնից չվախեցող մարդկանց շնորհիւ է, որ 2018 թուականից ի վեր Հայաստանում 190 հազար աշխատատեղ է ստեղծուել: 

Աշխատող, աշխատանքի մէջ ստեղծագործող և օրէնքով նախատեսուած հարկերը վճարող այդ մարդիկ արժանի են գովասանքի ու շնորհակալութեան, և յոյս ունեմ, որ 2024 թուականի բերած ջերմեռանդութիւնը նոր լիցք, նոր ուժ, նոր գաղափարներ կը հաղորդի նրանց: 

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, 

Որպէս Հայաստանի Հանրապետութեան վարչապետ 6-րդ անգամ եմ Ամանորեայ ուղերձով ձեզ դիմում: Եւ միասին անցած մեր այս ճանապարհին հետհայեացքը ցաւի, ափսոսանքի բայց և հպարտութեան զգացումներ է յարուցում: Ցաւի և ափսոսանքի մասին շատ ենք խօսել և խօսում, բայց Ամանորեայ այս երեկոյին ուզում եմ իմ խոնարհումն ու հպարտութիւնն արտայայտել բոլորիդ և իւրաքանչիւրիդ հասցէին, որ անտանելի բեռներ ունենալով մեր ուսերին, կարողացանք ու կարողանում ենք մեր պետութիւնը՝ Հայաստանի Հանրապետութիւնը տանել անկախութեան ու ինքնիշխանութեան ամրապնդման բարդագոյն ճանապարհով:    

Մեր անցած ճանապարհի մասին մտածելիս հասկանում եմ, որ այս պատմութիւնը սխալ և ճիշդ որոշումների ըմբռնումներից անդին է և մենք ընթանում ենք որքան էլ դաժան, բայցևայնպէս միակ հնարաւոր ճանապարհով, որը մեզ հնարաւորութիւն կը տայ պետութիւն ժառանգել մեր սերունդներին: 

Այս ճանապարհի մեծ մասն անցել ենք, բայց առջևում նոր փորձութիւններից ու դժուարութիւններից ապահովագրուած չենք և մեզ հարկաւոր է չսասանուել, չերկմտել անկախ պետութիւն ունենալու եւ այդ պետութիւնը մեր սերունդներին ժառանգելու մեր վճռականութեան մէջ: 

Նաև ուզում եմ ներողութիւն խնդրել բոլորիցդ և իւրաքանչիւրիցդ, Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներից, Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր բոլոր քոյրերից ու եղբայրներից այն ցաւի համար, որ վերջին տարիներին ապրել էք: 

Ներողութիւն խնդրում եմ ոչ այն պատճառով, որ ձեր առաջ որևէ յանցանք եմ գործել կամ թէկուզ մէկ ակնթարթ մոռացել ձեր առաջ ունեցած պատասխանատւութիւնն ու որևէ պարտաւորութիւն, այլ որովհետև գիտեմ, թէ ինչ էք զգում և նոյնը զգում եմ ես: 

Բայց այս զգացումը որևէ կերպ չի կարող սասանել պետութեան ղեկավարի իմ պարտքը, որից բխում է, որ իմ բոլոր որոշումներն ու գործողութիւնները պէտք է բխեն Հայաստանի Հանրապետութեան պետական շահից: Այս է պատճառը, որ ես առաջնահերթ եմ համարում մեր տարածաշրջանում մեր հարևանների հետ յարաբերութիւնների կարգաւորման և խորացման բանաձևեր գտնելը և շարունակելու եմ վճռականօրէն ընթանալ այդ ճանապարհով՝ յանուն պետութեան, յանուն ապագայի, յանուն սերունդների: 

Պետութեան ղեկավարի պարտքից է բխում, որ անյոգնել ու անընդհատ կրկնեմ, որ մենք շատ բաներ պէտք է աւելի ու ամբողջական հասկանանք, շատ բաներ պէտք է նայենք ու վերանայենք՝ անշրջելիօրէն հասկանալու համար, որ հայրենիքը պետութիւնն է: 

Հայրենիքը պետութիւնն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետութիւնդ: 

Հայրենիքը պետութիւնն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, վճարիր հարկերդ: 

Հայրենիքը պետութիւնն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, բարելաւիր կրթութիւնդ: 

Հայրենիքը պետութիւնն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, աշխատանքով կերտիր քո ու քո երկրի բարեկեցութիւնը, հարստացիր և հարստացրու:  

Սա է Հայաստանի Հանրապետութեան պետական շահը: Այն ուղենիշ ու առաջնորդող պէտք է լինի բոլորիս համար և համոզուած եմ՝ 2024 թուականը, այդ ջերմեռանդ պատանին, պետութեան ու պետական ըմբռնման խորհրդանիշ է դառնալու մեզ համար: 

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, 

Լցրէք բաժակները և յոտնկայս խմենք Հայաստանի Հանրապետութեան կենացը: 

Փառք նահատակներին և կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը: 

Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը: 

Շնորհաւոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: