ԱԺ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւններու յայտարարութիւնը

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպէս արդէն յայտնի է՝ օրուայ իշխանութիւնները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթէլեանին եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Վահէ Յակոբեանին պաշտօններից զրկելու որոշումներ ընդունեցին։

Իրավիճակն անհեթեթ է նրանով, որ դա կատարւում է առկայ անվտանգային մարտահրաւէրներից, պատերազմի՝ իրենց իսկ յայտարարած հնարաւոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիներին մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից հանրութեան ուշադրութիւնը շեղելու համար:

Խորհրդարան գնալու առաջին իսկ օրուանից յայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտօնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունէութեան օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրութիւնից ու ժողովրդի տուած քուէից:

Փաստ է, որ օրուայ իշխանութիւնները տեւական ժամանակ է՝ ջրբաժան են գծել Սահմանադրութիւնից, Անկախութեան հռչակագրից ու օրինականութիւնից՝ առհասարակ: Այս եւ դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետութեան ցուցիչ է, ինչն աննախադէպ է, միւս կողմից էլ՝ Հայաստանում աւելի է խորանում քաղաքական ճգնաժամը:

Միջազգային հանրութիւնը, չնայած խորհրդարանական վարչաձեւի ակնյայտ նահանջին, յամառօրէն փորձում է չնկատել առկայ իրավիճակը, մինչդեռ իշխանութեան այսպիսի վարքագծին պէտք է հետեւէր կտրուկ եւ անմիջական արձագանգ:

Այս վարքագծով օրուայ իշխանութիւնները եւս մէկ անգամ հաստատում են, որ իրենք մտահոգուած են բացառապէս պաշտօններով, զբաղուած՝ հետապնդումներով, զուրկ՝ երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրներին դիմակայելու որեւէ հնարաւորութիւնից, չունեն օրինականութիւն, չեն ներկայացնում Հայաստանի ու Արցախի շահերը, իսկ այս պայմաններում հեռացումն անխուսափելի է։

Միեւնոյն ժամանակ յայտնում ենք, որ այս պայմաններում ընդդիմադիր խմբակցութիւնների կողմից որոշում է կայացուել վայր դնել ԱԺ մշտական յանձնաժողովներում վարչական պաշտօնները»։

2022 Յուլիս 1

Խմբագրական