Պատասխանելով Լեռնային Ղարաբաղ հայ բնակչութեան վերադարձի մասին Կանադայի դեսպանի հարցին, Ադրբեջանի նախագահը ասել է, որ հարցը պէտք է դիտարկել փոխադարձութեան սկզբունքով: Խօսքը Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին է: Նախ, Ալիեւը պէտք է հաշուի առնի, որ միայն Բաքուից բռնատեղահանուել է 204 հազար հայ: Ընդ որում, դա պաշտօնական տեղեկութիւն է: Իրականում նոյնիսկ ադրբեջանցի մի շարք փորձագէտներ են ընդունում, որ խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում «մօտ 250-300 հազար հայ է ապրել»: Եւ եթէ վերադարձի իրաւունքը «փոխադարձ» է, ապա այն պէտք է գործի նաեւ Բաքուի հայերի նկատմամբ: Այդ դէպքում Բաքուն պէտք է Երուսաղէմի նման բաժանուի հատուածների, որովհետեւ այնտեղ վերադառնալու իրաւունք ունեն նաեւ մօտ կէս միլիոն ռուսները, հրեաները:
Բայց դա հարցի մի կողմն է: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութիւնը ցեղային փոքրամասնութիւն չէ, այլ՝ Ադրբեջանում պետականակիր տարր: Նրա այդ կարգավիճակը ճանաչուած է ինչպէս խորհրդային Ադրբեջանի, այնպէս էլ 1918-20թթ. գոյութիւն ունեցած Ժողովրդական հանրապետութեան կողմից: Ալիեւը բացում է Պանդորայի արկղը: Բանն այն է, որ 1919թ. Օգոստոսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը եւ Ադրբեջանի ժողովրդական հանրապետութեան (ԱԺՀ) կառավարութիւնը կնքել են համաձայնագիր, որով ԼՂ-ն իրեն ժամանակաւորապէս ճանաչել է ԱԺՀ սահմաններում՝ մինչեւ խաղաղութեան Փարիզի խորհրդաժողովը կ՚որոշէր նրա վերջնական կարգավիճակը:
Այդ իրաւական ակտի հիման վրայ է, որ արդէն խորհրդայնացած Ադրբեջանը 1923 թ. Յուլիսի 7-ի հրամանագրով «Ղարաբաղի հայկական մասից», ինչպէս ստոյգ ձեւակերպուած է փաստաթղթում, կազմաւորել է Ինքնավար Լեռնային Ղարաբաղի մարզ: Հայաստանում, այո՛, ադրբեջանցիներ բնակուել են, բայց նրանք ոչ անկախ, ոչ խորհրդային Հայաստանում պետականակիր տարր չեն հանդիսացել, չեն ունեցել ինքնակազմակերպուածութեան իրաւա-քաղաքական հաստատութիւններ: Նրանք ցեղային փոքրամասնութիւն էին, ինչպէս Խանլարի, Շամխորի, Դաշքեսանի շրջանում կամ Սումգայիթում, Մինգեչաուրում բնակուող աւելի քան 200 հազար հայերը:
Եթէ Ադրբեջանը 1918-20 թուականներին գոյութիւն ունեցած ԱԺՀ իրաւայաջորդն է, ապա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութեան ներկայացուցիչների հետ Բաքուի յարաբերութիւնների հիմքում պէտք է դրուի 1919 թ. Օգոստոսի 19-ի «Ժամանակաւոր համաձայնագիրը». այսինքն, ԼՂ-ն ժամանակաւորապէս գտնւում է Ադրբեջանի սահմաններում՝ մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժաղովի կողմից նրա վերջնական կարգավիճակի որոշարկումը: Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ Ադրբեջանի Գերագոյն խորհրդի բոլոր որոշումները պէտք է չեղեալ ճանաչուեն, սահմանուի անցումային կարգավիճակ, որը ԼՂ հայ բնակչութեանը թոյլ կը տայ ունենալ իշխանութեան տեղական մարմիններ եւ մշակութային լիակատար ինքնուրոյնութիւն:
Այսպիսի առումով, Ստեփանակերտի քաղաքական էլիտան, ի դէմս Ազգային ժողովի, համապատասխան գործընթացը պիտի նախաձեռնի: Սա իրաւա-քաղաքական լրջագոյն խնդիր է, որ Ադրբեջանի նախագահն է ակտիւացրել: Ոչ ոք ԼՂ հայ բնակչութեան իրաւունքների խնդիր չի քննարկելու, եթէ քաղաքական Ստեփանակերտը նախաձեռնութիւն չցուցաբերի: Ով ասում է, որ Արցախի հարցը փակուած չէ, պարտաւոր է քաղաքական կամք դրսեւորել եւ միջազգայնացնել հիմնաւորումները: Ալիեւն այդ առիթը եւ հնարաւորութիւնը տուել է: Մնում է, որ Ստեփանակերտը «նետած ձեռնոցը վերցնի»: Կը վերցնի՞, թէ՞ կը շարունակի զբաղուել անպտուղ ամբոխավարութեամբ:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ
«Առաջին լրատուական», Յուլիս 2
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։