Իրաւաբան Արման Թաթոյեան Տաւուշի սահմանի գործողութիւններուն կապակցութեամբ Դիմագիրքի իր էջին գրառումով դիմած է իշխանութիւններուն.
«Յանուն ձեր պաշտօնների ու իշխանութիւնը պահելու՝ թաքուն պահեցիք իրականութիւնը ու անտեսեցիք մեր ժողովրդի իրաւունքները, կոծկեցիք ադրբեջանական յանցանքներն ու խախտումները։
Փոխարէնը առիթ տուեցիք, որ Ադրբեջան աշխարհով մէկ տարածի կեղծիքներ ու դառնայ խաղաղասէր։ Նա հիմա առաւել մեծ ուժով սպառնում է Հայաստանին, իսկ դուք էլի ու էլի արդարացնում էք անթոյլատրելի զիջումները։ Եւ այս ամէնը յանուն` ձեր պաշտօնների, ու դա անում էք պառակտումը խորացնելու հաշուին։
44-օրեայ պատերազմից յետոյ, առաջին օրերից սկսած, ամէն օր, ամէն ժամ ես ասել եմ, որ սահմանները չի կարելի որոշել մարդկանց տառապանքների ու իրաւունքների հաշուին:
Դիւանագիտութեան համար այսքան ահռելի աշխատելու տեղ կար, հսկայական նիւթ, որով կարելի էր մեծ արդիւնքներ արձանագրել, բայց ոչ, ամէնը զոհ գնաց, քանի որ պէտք էր պաշտօնները պահել:
Հիմա էլ այսպէս խեղճացած, ողորմելի կեցուածքով չէիք ներկայանայ աշխարհին, ակնյայտօրէն ադրբեջանական ճնշումների տակ մուրացող աչքերով չէիք աղերսի աջակցութիւն՝ վախ ունենալով, որ չէք յաջողելու։
Վեց տարի բոլոր ոլորտներում կորուստ, ստորացում, նսեմացում, ձախողում գրանցելով, Դիմագիրքով երկիր կառավարելով՝ դեռ համարձակւում էք մարդկանց համոզել, որ դուք հայրենիք էք սիրում ու գիտէք հայրենիքի արժէքը։
Փորձում էք համոզել այն մարդկանց, ովքեր իրենց ամբողջ կեանքում մաքառելով` ապրուստ են ստեղծել, տուն ու տեղ են դրել, հողի հետ կռիւ տուել, որ հիմա էլ հանգիստ թողնեն իրենց՝ տարիներով ստեղծածը, իրենց ապրուստի միջոցները, իրենց յիշողութիւններն ու սրբութիւնները…»։
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։