Հայաստանի Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեան կ՚ընդգծէ, որ Սեպտեմբերէն սկսեալ Արցախի Հանրապետութեան մէջ Հայաստանէն զօրակոչուած զինուորներ պիտի չըլլան, սակայն Լեռնային Ղարաբաղէն պիտի շարունակեն զօրակոչուիլ՝ Պաշտպանութեան բանակին մէջ ծառայելու համար:
Ա. Գրիգորեան այս մասին խօսած է «Արմէնփրէս»-ին տուած հացազրոյցին։
Ստորեւ՝ հարցազրոյցը.-
– Պարոն Գրիգորեան, վերջերս առաւել յաճախ են դարձել քննադատութիւններն առ այն, թէ Հայաստանի Հանրապետութիւնը Լեռնային Ղարաբաղից հանում է զօրքերը, այդպիսով ԼՂ-ն թողնելով անպաշտպան: Ինչպէ՞ս էք արձագանգում այս քննադատութիւններին:
– Պատերազմի ընթացքում ՀՀ Զինեալ ուժերի մի շարք ստորաբաժանումներ օգնութեան են հասել ԼՂ Պաշտպանութեան բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահների տեղակայումից յետոյ ՀՀ Զինեալ ուժերի հեռացումը ԼՂ-ից տրամաբանական է:
– Բայց դա չի նշանակո՞ւմ Լեռնային Ղարաբաղն իրօք անպաշտպան թողնել:
– Ո՛չ, որովհետեւ նախկինում էլ ԼՂ անվտանգութիւնը ապահովել է ԼՂ Պաշտպանութեան բանակը: Եւ այս առումով որեւէ բան չի փոխւում: Չնայած՝ պէտք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը պէտք է անվտանգութեան երաշխիք լինի:
– Բայց Փառուխի դէպքերը ցոյց տուեցին, որ այդպէս չէ…
– Փառուխի դէպքերը 2020 Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան եւ կիրառելի միջազգային իրաւունքի կոպիտ խախտում են: Ադրբեջանի զինեալ ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատւութեան գօտի: Ռուսաստանի Դաշնութիւնը մեզ հաւաստել է, որ ներխուժած ադրբեջանական ուժերը պէտք է դուրս գան այնտեղից, եւ մենք յոյս ունենք, որ խաղաղապահ ուժերը կ՚ապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ուժերի հեռացումը՝ իրենց պատասխանատւութեան գօտիից: Խաղաղապահ ուժերի ներկայութիւնն ինքնին վկայում է՝ ԼՂ բնակչութեան համար իրական գոյաբանական վտանգի առկայութեան հանգամանքի ընդունում Ռուսաստանի կողմից, եւ խաղաղապահ ուժերն առանցքային նշանակութիւն ունեն ԼՂ Հայութեան անվտանգութեան երաշխաւորման գործում։
– Բայց ճիշդ հասկանալու համար. ԼՂ-ում Հայաստանի Զինեալ ուժերի ժամկէտային (պարտադիր ծառայութիւն կատարող – «ՆՅ) զինուորները փոխարինւում են պայմանագրայիններո՞վ (արհեստավարժներ – «ՆՅ»), թէ՞ ՀՀ Զինեալ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ-ից:
– Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ Զինեալ ուժերի մի շարք ստորաբաժանումներ Պաշտպանութեան բանակին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից յետոյ նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետութիւն: Այս գործընթացը մօտ է իր աւարտին եւ Սեպտեմբերին կ՚աւարտի: Ինչ վերաբերում է Պաշտպանութեան բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ:
– Այսինքն՝ հայաստանեան ժամկէտային զինուորները Սեպտեմբերից յետոյ չե՞ն լինելու ԼՂ-ում:
– Ո՛չ: Բայց ԼՂ իշխանութիւններից մեր ստացած տեղեկութիւնների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զօրակոչիկները, ինչպէս նախկինում, զօրակոչուելու են՝ ՊԲ-ում ծառայելու համար:
– Իսկ պայմանագրայիննե՞ր:
– ԼՂ իշխանութիւններից մեր ստացած տեղեկութիւնների համաձայն՝ ինչպէս նախկինում, այնպես էլ հիմա ՊԲ-ում կը ծառայեն նաեւ պայմանագրայիններ:
– Նաեւ Հայաստանի՞ց:
– Հայաստանից ԼՂ Պաշտպանութեան բանակ պայմանագրայիններ չեն զօրակոչւում: Ըստ անհրաժեշտութեան՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինուորների ներգրաւում:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։