Արցախի ԱԳՆ.– «Շահումեանի ապաբռնագրաւման հարցը կը շարունակէ մնալ Արցախի արտաքին քաղաքական օրակարգին վրայ»

Յունիս 13-ը Շահումեանի շրջանի հայաթափման 30-րդ տարելիցին օրն է։ Այս առթիւ Արցախի Հանրապետութեան Արտաքին գործոց նախարարութիւնը հրապարակած է ստորեւ տրուած յայտարարութիւնը.-

«30 տարի առաջ՝ 1992 Յունիսի 12-ին, Ադրբեջանի զինուած ուժերը գրաւեցին Արցախի Հանրապետութեան Շահումեանի շրջանը։

Արցախի այս հինաւուրց շրջանը, որը կարեւոր դերակատարութիւն է ունեցել Հայոց պետականութեան ու ազգային ազատագրական պայքարի պատմութեան մէջ, բռնագրաւուեց թշնամու կողմից, իսկ տեղաբնակները ենթարկուեցին ցեղասպան գործողութիւնների։ Յարձակման հետեւանքով մենք ունեցանք զգալի կորուստներ։

Շահումեանի շրջանի բռնագրաւման պատճառով բնակչութեան մեծ մասը ստիպուած լքեց պատմական հայրենիքը և բնակութիւն հաստատեց արտերկրում։

Հայրենազրկման այդ ցաւը չի սպիացել ո՛չ շահումեանցիների, ո՛չ ողջ Արցախահայութեան ու հայ ժողովրդի սրտերում։ Մենք երբեք չենք համակերպուելու Շահումեանի շրջանի կորստի հետ։ Շահումեանի ապաբռնագրաւման հարցը շարունակում է մնալ Արցախի Հանրապետութեան արտաքին քաղաքական օրակարգում։

Շահումեանը եղել է՛, կա՛յ ու միշտ կը մնա՛յ Արցախի անբաժան մասը»։