Արցախի առաջնորդին ուղերձը թեմի վերաբացման 33-րդ տարեդարձին առթիւ

 

«Ազատագրական շարժման կարեւոր պտուղներից էր Արցախի թեմի վերաբացումը 33 տարի առաջ»

Հայ Առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեան հետեւեալ շնորհաւորական ուղերձը յղած է թեմի վերաբացման 33-րդ տարեդարձին կապակցութեամբ։

«Սիրելի՛ հաւատաւոր զաւակներ,

Առ Աստուած գոհունակ սրտով եւ ուրախութեամբ շնորհաւորում ենք բոլորիս՝ Արցախի թեմի վերաբացման 33-րդ տարուայ կապակցութեամբ: Խորհրդային տարիների հալածանքներին ամենաերկար դիմացածներից եւ 1930-ին փակուած թեմի վերաբացումը ծնունդն էր մեր ժողովրդի հոգեւոր մղումների եւ ազգային ինքնութեան որոնումների: Արցախում սկսուած ազատագրական շարժման կարեւոր պտուղներից մէկը եղաւ 1989-ի Հոկտեմբերի 1-ին՝ Վարագայ Սուրբ Խաչի տօնին Արցախի թեմի վերաբացումը Վազգէն Վեհափառի սրբատառ կոնդակով, որով քանդուեց նաեւ կէսդարեայ հոգեւոր շրջափակումը:

Վերաբացուած Արցախի թեմը միւռոնի կնիքը դարձաւ մեր ազատագրական պայքարի եւ հոգեւոր հիմնասիւնը մեր արդար պահանջի: Հայոց Աղուանից Կաթողիկոսութեան պատմական ժառանգորդը հանդիսացող թեմը, ի գլուխ ունենալով առաջին առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսեանին, աշխուժօրէն եւ եռանդուն կերպով լծուեց Արցախի հոգեւոր վերազարթօնքի գործին: «Հունձը առատ էր, իսկ մշակները՝ սակաւ…» (Մատթ. 9.37-38), եւ խորհրդային հասարակարգի գործած հոգեւոր աւերից յետոյ, շնորհիւ թուաքանակով քիչ, բայց նուիրեալ հոգեւորականների, Արցախի թեմը կարողացաւ կենդանացնել հոգեւոր դաշտը եւ ստեղծել ամուր հիմք մեր ժողովրդի վերաքրիստոնէացման համար:

Հայոց Արցախ աշխարհը քրիստոնէական աշխարհի ամենահին օջախներից է, որտեղ դրոշմուած են բազում երանելի սրբերի անուններ: Համաքրիստոնէական բազում սրբերի մասունքները, նահատակների թափած արիւնը եւ դրանց հիմքի վրայ կառուցուած բազմադարեայ մեր վանքերն ու եկեղեցիները այս փոքրիկ երկիրը դարձրել են իսկական Սրբազան Մասունք:

Մեր ժողովրդի հետ համաքայլ անցնելով Արցախի ազատագրման, անկախութեան եւ պատերազմների դժուարին ճանապարհով, Արցախի թեմը այսօր էլ շարունակում է անշեղ քայլերով գնալ առաջ՝ Քրիստոսի կենարար խօսքով դաստիարակելով, մխիթարելով եւ գօտեպնդելով մեր ժողովրդին:

Աղօթում ենք, որ Մեր Տէր և Փրկիչ Յիսուս Քրիստոսի երկրային կեանքի 33 տարիները խորհրդանշող հասակը Արցախի թեմի համար խաչելութիւնից յետոյ դառնայ յարութեան եւ յարատեւման խորհրդանիշ եւ ազդակ, եւ վստահ ենք, որ 33 տարիներ առաջ թեմի վերաբացմամբ կերտուած յաղթանակները կրկին կը վերադառնան՝ մեր հաւատքի եւ հայրենիքի հանդէպ նուիրումի շնորհիւ»: