Արցախի թեմի առաջնորդ.– «Ամենաբարձր պաշտօնեայից մինչեւ ռամիկ շինական պէտք է սթափուենք եւ տէր կանգնենք մեր երկրին» 

 

Հայ Առաքելական եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեան ստորեւ տրուած կոչը յղած է ներկայ կացութեան եւ առկայ մարտահրաւէրներուն վերաբերեալ.-

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Աշխարհաքաղաքական յարափոփոխ այս օրերին բոլորիս մտածումները եւ անհանգստութիւնները բնականօրէն կենտրոնացած են աշխարհի ալեկոծ ծովում նաւարկող մի փոքր նաւի եւ նրա մակոյկի վրայ։ Հայաստան եւ Արցախ՝ ահա այդ նաւը եւ նրա փրկութեան մակոյկը։ Ի՞նչ անել եւ ինչպէ՞ս անել, որ մենք կուլ չգնանք անընդհատ մեզ խորտակել փորձող ալիքներին։ Ժամանակին մեր նաւը հզօր էր եւ մեծ, որովհետեւ ունէր հզօր նաւապետեր եւ միակամ ուղեւորներ, բայց դարերի ընթացքում սկսեցին յայտնուել բազում նաւապետեր, ովքեր առանձին նաւակներ կառուցելով մասերի բաժանեցին նաւի ուղեւորներին, եւ քանի որ առանձին էին ու փոքր, սկսեցին վաղ թէ ուշ խորտակուել։ Այն ուղեւորները, ովքեր կենդանի էին մնացել տարբեր նաւակների կործանումից յետոյ, յիշեցին իրենց երբեմնի մեծ նաւակի հզօրութիւնը եւ Աստծոյ օգնութեամբ կառուցեցին մի նոր նաւ` Հայաստանի Հանրապետութիւնը՝ իր փրկութեան մակոյկ Արցախով։ Բայց միեւնոյն է` ծովը եւ ալեկոծութիւնները միշտ էլ կան ու կը լինեն։ Ուստի մեր գլխաւոր մտածումը մէկն է. ի՞նչ պէտք է անենք, որ չկրկնենք մեր պատմական սխալները եւ մասերի չբաժանենք առանց այն էլ փոքրացած Հայոց նաւը։ 

Այսօր թշնամին փորձում է վերջնական կերպով խլել մեր փրկութեան մակոյկը՝ Արցախը, եւ յետոյ մասնատել բուն նաւը։ Ի՞նչ անենք, երբ այնտեղից, որտեղից սպասում էինք գտնել պաշտպանութիւն, օգնութիւն եւ հոգատարութիւն, գտնում ենք կսկիծ եւ փորձութիւններ։ Իրականում այս ամէնը լինում է, որպէսզի ոեւէ մէկը երբեք չապաւինի մարդկանց եւ միշտ յիշի Սուրբ Գրքի խօսքը.- “Յոյս մի՛ դրէք իշխանների` մարդկանց որդիների վրայ, որովհետեւ նրանցից փրկութիւն չկայ” (Սաղ. 145:3)։

Սիրելինե՛ր, այսօր մեր ազգը կանգնած է այնպիսի դժուարին փորձութեան առջեւ, երբ դրուած է մեր լինել–չլինելու, մեր ազգային արժանապատւութեան կորստի հարցը։ Մեր մէջ այնքան խորն է արմատացել անտարբերութեան կործանարար մեղքը, որ մեր երկրի մասնատումը ցաւ է պատճառում միայն այդ մասի բնակիչներին եւ մի խումբ հայրենասէր ու գիտակից մարդկանց։ Մեծ հաշուով այնքան ենք բթացել, որ պատրաստ ենք նոյնիսկ այնքան թանկ գնով ազատագրուած Արցախը սկուտեղի վրայ մատուցել թշնամուն` ի գին մեր “խաղաղ եւ ապահով” կեանքի։ Միթէ՞ սա է Հայը, միթէ՞ վերջնականապէս կորցրել ենք մեր արժանապատւութիւնը, միթէ՞ մեր զաւակների արեամբ սրբացած հողը ինչ-որ ապրանք է, որ կարող ենք վաճառքի հանել…

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք պէտք է սթափուենք` ամենաբարձր պաշտօնեայից մինչև ռամիկ շինական եւ տէր կանգնենք մեր երկրին։ Հաւատացէ՛ք, ինչպիսի փորձութիւններ էլ լինեն, դրանք անզօր են մեզ կործանելու, եթէ մենք Աստծոյ խօսքի համաձայն սիրով ծառայենք միմեանց (հմմ։ Գաղ. 5:13), այդ ժամանակ Աստուած կը լինի մեր բարի Նաւապետը, իսկ եթէ Աստուած մեզ հետ է, ո՛վ կարող է լինել մեզ հակառակ (հմմ։ Հռոմ. 8:31)»։

Խմբագրական