Search
Close this search box.

Արցախի թեմի առաջնորդ.– «Ինչպէս նախկինում, այնպէս էլ այսօր Հայ Առաքելական եկեղեցին կանգնած է Արցախահայութեան կողքին»

 

Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակին վրայ հանրահաւաքի մասնակիցներուն իր խօսքը ուղղած է նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեան։ Ան մասնաւորապէս նշած է.-

“Մենք շատ մեծ գին ենք վճարել՝ որ կարողանանք ապրել ազատ, անկախ եւ ինքնորոշուած Արցախում։ Այսօրուայ մեր խորհրդանշական հանդիպումը վառ ապացոյցն է այն իրողութեան, որ Արցախեան շարժումն աւարտուած չէ եւ շարունակւում է նոր շեշտադրմամբ, որովհետեւ մենք ապրող ազգ ենք հակառակ տեսանելի ու անտեսանելի թշնամիներին, Արցախը պէտք է ապրի ու զօրանայ։

1988-ի «այո՛»-ն մնում է  այժմէական եւ աւելի զօրեղ։ Եւ որպէսզի այն դառնայ համախմբող ողջ Հայութեան համար,  պէտք է դառնայ հոգուց բխող ճիչ, շատերին հանի անտարբերութիւնից ու ճշմարիտ ճանապահից շեղուածներին յետ դարձնի։ Մեր ազգը կանգնած է դժուարին փորձութեան առջեւ, երբ դրուած է մեր լինել-չլինելու, ազգային արժանապատւութեան եւ կորստի հարցը։ Մենք  կեանքի ու մահուան պայքարի մէջ ենք եւ մեր ապրելու իրաւունքը փորձում են որոշել առանց մեզ, չար ուժերը  փորձում են Արցախը հայաթափել, որոշումներ կայացնել ոչ ի նպաստ մեզ եւ այս ամէնին տալ «քաղաքակիրթ» ձեւակերպումներ, բայց մենք գիտենք, որ Արցախի հարցը սովորական հարց չէ, այն չարի ու  բարիի, լոյսի ու խաւարի, քոչուորների ու տեղաբնիկների հարց է, որն ուզում են լուծել առանց մեզ։

Այսօր Արցախի հարցի լուծման մէկ տարբերակ կայ՝ ազատ ու ինքնորոշուած Արցախ։ Ահա այդ համոզումով է, որ մենք 30 եւ աւելի տարիներ ասում ենք՝ «այո՛» ինքնորշմանը։ Այսօր Արցախի կողքին լինել նշանակում է լինել արդարութեան եւ քաղաքակրթութեան կողքին։ Սա է բանալին Արցախի հարցի լուծման՝ կանգնել ազգերի ինքնորոշման քաղաքակիրթ  ձեւաչափի կողքին։ Ինչպէս նախկինում, այնպէս էլ այսօր Հայ Առաքելական եկեղեցին կանգնած է  Արցախահայութեան կողքին”։