Արցախի Մարդկային իրաւանց պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանեան՝ ներկայացնելով 2021-ի հաշուետու զեկոյցը յայտարարած է, թէ Արցախի դէմ Ազերպայճանի սանձազերծած պատերազմին հետեւանքով Արցախի 118 համայնք ամբողջութեամբ եւ 2 համայնք մասնակի (ընդհանուր 215 բնակավայր) անցած են Ազերպայճանի բռնագրաւման տակ։
“Արցախից բռնի տեղահանուել է 40.000 մարդ, ինչը յանգեցրել է մարդու իրաւունքների՝ իր ծաւալով աննախադէպ ոտնահարման։
Բռնի տեղահանուածները բացասական հետեւանքներն իրենց վրայ զգացել են ամբողջ 2021 թուականի ընթացքին։ Նրանք շարունակում են բախուել բնակարանների պակասի, ընկերային ծրագրերից չհիմնաւորուած կերպով դուրս մնալու եւ այլ խնդիրների”,– նշած է Ստեփանեան։
Ան աւելցուցած է, որ հակառակորդի յարձակողական կեցուածքը խոչընդոտ կը հանդիսանայ Արցախի երախաներու կրթական բնականոն ընթացքին։
“Մի շարք ուսումնական հաստատութիւններում ակնյայտ ֆիզիքական սպառնալիքի պայմաններում ուսումնական գործընթացը պարբերաբար դադարեցւում է”,– շեշտած է Արցախի ՄԻՊ-ը։
«Ադրբեջան միտումնեւոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիների թիւը»
Գեղամ Ստեփանեան իր զեկոյցին մէջ անդրադառնալով ռազմագեիներու հարցին յայտնած է, թէ սա պահուս Ազերպայճան գտնուող ռազմագերիներու եւ գերեվարուած քաղաքացիներու թիւը Պաքուի կողմէ հաստատուած տուեալներու համաձայն 38-ն է: “Սակայն Արցախի ՄԻՊ-ի, Հայաստանի ՄԻՊ-ի եւ այս հարցի վերաբերեալ Հայաստանում գործող իրաւապաշտպան կազմակերպութիւնները տիրապետում են ճշգրիտ փաստերի, որոնցով կարող ենք ապացուցել եւս 80 անձանց գերութեան մէջ լինելու հանգամանքը: Ցաւօք սրտի, դա մինչեւ այսօր Ադրբեջանի կողմից որեւէ ձեւով չի հաստատւում, ինչը մեզ մղում է հիմնաւոր կասկած ունենալ, որ Ադրբեջանը միտումնաւոր կերպով թաքցնում է ռազմագերիների եւ գերեվարուած քաղաքացիների թիւը”,– շեշտած է Արցախի ՄԻՊ-ը, աւելցնելով.- “Այդ 38 անձանց շարքում Արցախի քաղաքացի չկայ. նրանցից 35-ը զինուորականներ են, 3-ը քաղաքացիական անձինք, որոնք գերեվարուել են Նոյեմբերի 9-ի յայտարարութիւնից յետոյ: Սակայն անհետ կորած կը մնայ 19 քաղաքացի: Նրանց մէջ կան մարդիկ, որոնց գերութեան մէջ լինելու հանգամանքը եւս կարող ենք փաստերով ապացուցել”:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։