Արցախցի գրող Հերմինէ Աւագեան վերջին օրերուն երկու մրցանակի արժանացած է. «Մեծն Ներսէս» բարեսիրական կազմակերպութեան եւ Հայաստանի Գրողներու միութեան նախաձեռնած ամէնամեայ գրական մրցանակաբաշխութեան՝ գրաւած է առաջին տեղը՝ իր բանաստեղծական շարքով, ինչպէս նաեւ արժանացած է Newmag հրատարակչութեան գիրքի եւ արուեստի փառատօնի գլխաւոր մրցանակին։
Newmag-ի փառատօնի յանձնաժողովը մեկնաբանելով իր ընտրութիւնը ըսած է, թէ Հերմինէ Աւագեանի պատմուածքներուն մէջ արտացոլուած է Արցախը, Արցախի մէջ ապրող մարդը, իր հոգեբանական խորքերով, ու թէեւ պատմուածքներուն մէջ կայ պատերազմի նկարագրութիւն, բայց հոն չկայ լալկանութիւն, յոռետեսութիւն, այլ կայ սէր ու հաւատք ապագայի նկատմամբ։
Արցախցի Աւագեան շրջափակման ամիսներուն Արցախ չէ եղած. մինչ այդ գացած է Հայաստան ու այլեւս չէ կրցած վերադառնալ։
Panorama.am-ի հետ զրոյցին ան կ՚ըսէ. «Ամէն օր, ամէն գիշեր, երբ ինքդ քեզ հետ մենակ ես մնում ու քեզ պէտք է այցելի երազը, Երկիրն է այցելում, այդ անքնութիւնը զրոյց է Արցախի հետ։
Տարբեր զգացումներ ունեմ։ Շրջափական ժամանակ այնտեղ չեմ եղել։ Յանցանքի զգացում ունեմ, որ ես չեմ հասցրել անցնել այդ ճանապարհով, հրաժեշտ տալ։ Գուցէ ուրիշ զգացում կ՚ունենայի եթէ անցնէի այդ ճանապարհով, մտածէի, որ վերջին օրն է՝ ինչ տեսնում եմ։ Հիմա հրաժեշտ չտալու, ինչ որ բանով օգտակար չլինելու, միաժամանակ այդքան անմեղ զոհերի առջեւ յանցաւորի զգացում ունեմ։
Պարտքի զգացում այդքան զինուորների առջեւ, ոչ միայն 44-օրեայ պատերազմի, այլ Արցախեան առաջին պատերազմից մինչեւ օրս, քանի որ իրենք բոլորն էլ այդ մեծ երազանքն են իրենց մէջ կրել։ Իսկ մեծ երազանքն էր՝ միացեալ Հայաստանը՝ Արցախը մայր Հայաստանի կազմում։ Այդ մեծ երազանքն է բոլորին տարել մարտի դաշտ։ Այդ երազանքի հանդէպ պարտաւորութեան զգացողութիւնն է ամէն օր ստիպում զրուցել Երկրի հետ»։
Հերմինէ Աւագեան այսօր շատ կարօտած է իր ծննդավայրը՝ Աշան գիւղը. «Շատ փոշոտ փողոցներ ունէր Աշան գիւղը։ Գարնանը փողոցները կորում էին ցեխերի մէջ։ Կարօտել եմ այդ ցեխի միջով քայլելու, ամառը այդ փոշին շնչելու զգացողութիւնը։ Երբ որ մայրիկիս հետ զրուցում եմ, ասում եմ՝ այն ժամանակ, երբ որ ցեխերի միջով գնում էինք դպրոց, բողոքում էինք, որ կեղտոտուեցինք։ Այդ ցեխերն եմ կարօտում։ Ամենաշատը դրանք էին մերը, դրանք էին մեզ կապում մեր հողի հետ։ Այդ զգացողութիւնները այստեղ չունեմ։ Իմ հայրենիքն է, բայց երեւի ծննդավայրի ուժն է, որ այստեղ չեմ զգում»։
Հերմինէ Աւագեան Համազգային հայ կրթական ու մշակութային միութեան Արցախի գրասենեակի ատենապետն է։ Արցախցի մանուկներու, մտաւորականներու համար կրթական ու մշակութային ծրագրեր կը մշակէ, կը փորձէ մեղմացնել կարօտը հայրենիքի հանդէպ։
«Շատերն ինքնափոփ են դարձել, հիասթափութիւնը շատ մեծ է, ընկերային շատ խնդիրներ կան։ Մարդիկ ծանր հոգեբանական վիճակում են. գիտակցում են, որ ուրիշ տեղ չեն, հայրենիքում են, բայց ամէն ինչ մնացել է կամրջից այն կողմ։ Ամէն ինչ այնտեղ մնալու, կորստի զգացողութիւնը չես կարող ո՛չ մի ծրագրով թօթափել, բայց մեղմել կարող ես»,– կ՚ըսէ ան։
Հակառակ խնդիրներուն, հիասթափութեան, արցախցիներէն շատեր այսօր Հայաստանի մէջ կը մասնակցին Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումին։
Ի՞նչը զանոնք ոտքի հանած է հարցումին՝ Հ. Աւագեան կը պատասխանէ. «Հանրահաւաքների ժամանակ շատ արցախցիների եմ հանդիպում։ Զրոյցների ժամանակ անընդհատ այդ թեման է շօշափւում, թէ ինչքան ուժեղ մարդիկ են, որ այդ ամէնից յետոյ նորից կարողանում են գալ ու այդ պահանջատիրութիւնն իրենց մէջ նորից բորբոքել։
Տեղահանութեան սկզբնական շրջանում, երբ զրուցում էի մտաւորականների հետ, ասում էին՝ ոչինչ չունենք կորցնելու, ամէն ինչ կորցրել ենք։ Երբ հասկացանք, որ հայրենիք ունենալը, հայկական պետականութիւնն է վտանգուած, հայրենիքի այս փոքրիկ հատուածը, Հայաստանը պահելու զգացողութիւնը նրանց դրդեց չնստել տանը։
Մարդիկ չեն կարող նստել ու հեռուստացոյցով դիտել, որ ինչպէս են հողեր յանձնւում։ Յատկապէս, որ այդ կորստի զգացողութիւնը ունես, քո տունը կորցրել ես, չես ուզում, որ քո հայրենակիցն էլ այդ ապրումներն ունենայ։
Ուզում ես հայրենիք ունենալ։ Գոնէ Հայաստան, պետականութիւն ունենալու զգացումն է մարդկանց հանում պայքարի։ Արցախցիների ակնկալիքը միայն Հայաստան ու հայրենիք ունենալն է, ու այդ ակնկալիքով են մասնակցում այդ հաւաքներին»։ ■
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։