«Բերձորով “միջանցքի” յանձնումը յանգելու է Արցախի ամբողջական յանձնումին»

Ռազմավարական հետազօտութիւններու կեդրոնի ղեկավար, ԵՊՀ դասախօս Ալվինա Աղաբաբեան ահազանգ կը հնչեցնէ։ Ան Կը գրէ.-

«Այսօր Արցախը ՀՀ-ին կապում է Տեղ – Բերձոր – Ստեփանակերտ ճանապարհը՝ “միջանցքը”։

Այդ “միջանցքով” են անցնում Արցախ մտնող միակ կազատարը, ելեկտրական հաղորդուղիները, հեռախօսակապը, համացանցային կապը եւ այլն։

Այսօր Ադրբեջանը մեծ թափով կառուցում է Արցախը ՀՀ-ին կապող նոր՝ Ստեփանակերտ – Մեծ Շէն – Հին Շէն – Կոռնիձոր ճանապարհը, որն իբր եռակողմ յայտարարութեան համաձայն՝ պիտի “փոխարինի” Տեղ – Բերձոր – Ստեփանակերտ ճանապարհին։ Ոչ-պաշտօնական տեղեկութիւններով՝ 2022 Յուլիսի 1-ին Ալիեւը Բերձորում դրօշ է բարձրացնելու եւ յայտարարելու է քաղաքի ու նախկին խորհրդային Լաչինի շրջանի ամբողջական բռնազաւթման մասին։ Միամիտ պիտի լինել՝ մտածելու համար, որ Ալիեւի առաջնահերթ նպատակը Բերձոր քաղաքն ու մօտակայ մի քանի դեռեւս հայաբնակ գիւղերն են։

Ալիեւի առաջնահերթ նպատակը Տեղ – Բերձոր – Ստեփանակերտ «միջանցքի» բռնազաւթումն է, որտեղով, կրկնեմ, ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽ ՄՏՆՈՂ՝

-ՄԻԱԿ ԿԱԶԱՏԱՐԸ,

-ԵԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՂԻՆԵՐԸ,

-ՀԵՌԱԽՕՍԱԿԱՊԸ,

-ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԸ եւ այլն։

Ի տարբերութիւն հայկական կողմի՝ Ալիեւը շատ լաւ հասկանում է, որ երբ իր ձեռքում յայտնուի Արցախը սնուցող միակ “պորտալարը”, Արցախի հայաթափումն ու վերջնական նուաճումը էլ աւելի հեշտ է լինելու եւ շատ աւելի արագ։

Ալիեւը դասը սերտած գերազանցիկի պէս յստակօրէն կրկնում է “Արցախը բռան մէջ պահելու եւ ցանկացած պահին խեղդելու” իր հօր եւ նրան նախորդածների քաղաքականութիւնը․ խորհրդային տարիներին, երբ Արցախը բռնակցուեց Խորհրդային Ադրբեջանին, եւ նրա մի մասի վրայ ձեւաւորուեց ԼՂԻՄ-ը, մարզը սնուցող բոլոր կարեւորագոյն ենթակառոյցները՝ ջրամատակարարման, կազամատակարարման, ուժանիւթի մատակարարման բոլոր կայանները, ճանապարհային հանգոյցները եւ այլն, կառուցուեցին մարզի սահմաններից դուրս, որ երբ պէտք լինի, կտրեն ջուրը, լոյսը, կազը, փակեն ճանապարհներն ու մարզը զրկեն անգամ սննդից։ 1991-1992 թթ․ նրանք հէնց այդպէս էլ արեցին․ կար շրջան երբ Արցախցին, մութ ու ցուրտ նկուղներում ապաստանած, ո՛չ ջուր ունէր, ո՛չ սնունդ, մէկ շնչին մէկ ամսուայ համար ընդամէնը 400 կրամ ալիւր էր բաժանւում․․․

Բերձորը, ասել է թէ՝ Արցախը սնուցող բոլոր կենսական նշանակութիւն ունեցող ենթակառոյցներն ու հաղորդուղիները թշնամուն յանձնելով մենք փաստացի թշնամուն ենք յանձնելու Արցախից մնացած այս վերջին կտորն էլ՝ միաժամանակ դատապարտելով վերջնական հայաթափման ու ադրբեջանականացման, որովհետեւ երբ երեխադ ինքնուրոյն շնչելու հնարաւորութիւն չունի, իսկ դու կտրում ես նրան սնուցող թթուածնի խողովակը, երեխադ ապրելու շանս չունի, դու էդպէս սպանում ես նրան, ուրիշ ոչինչ…»։

Խմբագրական