Դաւիթ Բաբայեան.– «Արցախն Ադրբեջանի կազմում մի՛այն մէկ ապագայ ունի՝ հայաթափում, կործանում եւ ցեղասպանութիւն»

Արցախի Արտաքին գործոց նախարար Դաւիթ Բաբայեան Դիմագիրքի իր էջին գրած է.-

«Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը յայտարարել է, որ Ադրբեջանցիներն ու Հայերը կարող են ապրել կողք-կողքի՝ որպէս մէկ երկրի քաղաքացի։

Նախ եւ առաջ Հայերն ու Ադրբեջանցիները կարող են ապրել մէկ երկրի ներսում, բայց այդ երկիրը միայն երրորդ երկիր կարող է լինել, օրինակ` Ռուսաստան, ԱՄՆ, Շուեյցարիա եւ այլն։

Նման օրինակներ ունենք, չնայած Ադրբեջանն ամէն ինչ անում է, որպէսզի նոյնիսկ երրորդ երկրում Ադրբեջանցիները Հայերի նկատմամբ թշնամանքով վերաբերուեն, եւ սա մենք տեսնում ենք ամենատարբեր երկրներում։

Բայց եթէ տուեալ դէպքում խօսքը վերաբերում է Արցախին ու Ադրբեջանին, ապա մենք չենք կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում մի՛այն մէկ ապագայ ունի՝ հայաթափում, կործանում եւ ցեղասպանութիւն»։