Զինաւոր Մեղրեան.– «Աղջոց վանքն ինձ մտորելու շատ մեծ նիւթ տուեց»

 

Արցախի հերոս Շահէն Մեղրեանի որդին՝  Զինաւոր Մեղրեան Դիմագիրքի իր էջին գրած է.-

«Օրերս Աղջոց վանքում էի։ Չգիտեմ՝ լսե՞լ էք արդեօք վանական այս համալիրի մասին։ Նրանց, ովքեր տեղեակ չեն, ասեմ՝ Խոսրովի արգելոցում է գտնւում վանքը: Երեւանին շատ մօտ է։ Մեր հոգեւոր մշակոյթի կարեւոր օջախներից մէկը, որը, սակայն, այսօր խոնարհուած է։ Աւերուել է 1679 թ. երկրաշարժից…

Ինչո՞ւ եմ գրում այս ամէնը։ Աղջոց վանքում՝ Պօղոս-Պետրոս եկեղեցու մուտքի աջ եւ ձախ կողմերում երկու առաքեալների բարձրաքանդակներն են։ Հրաշալի պահպանուած արուեստի գործ, որն ինձ մտորելու շատ մեծ նիւթ տուեց։ Երբ կանգնում ես այդ քանդակների առջեւ, տպաւորութիւն է, թէ հէնց այստեղ է գտնւում Հայաստանի մուտքը։ Հոգեւոր Հայաստանի մուտքը։ Այո՛ աւերուած, այո՛ խոնարհուած, բայց նաև շատ հարուստ, շքեղ, խորիմաստ ու խոստմնալից։

Մտածում եմ՝ Աղջոց վանքն իսկապէս խորհրդաւոր վայր է, որտեղ կարող ենք բազում հարցերի պատասխաններ գտնել։ Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, ի՞նչ ժառանգութիւն ունենք, ինչպէ՞ս ենք վերաբերւում ինքներս մեզ… և այլն, և այլն։ Ընդհանրապէս, Աղջոց վանքը հրաշք մի կառոյց է, որտեղ մարդը, անկախ իրենից, սկսում է մտածել հայկականութեան ու հայութեան մասին։ Այն պէտք է վերականգնուի։

Յարգելի՛ ընկերներ եւ գործընկերներ, խօսքերով նկարագրելու բան չէ վանական այս համալիրը։ Այն պէտք է տեսնել։ Տեսնել ու զգալ։ Զգալ ու հաւատալ։ Հաւատալ ու գործել, որպէսզի մեր ժողովուրդը լինի աւելի ճիշդ, աւելի կիրթ, աւելի նպատակասլաց, աւելի վեհ, աւելի հոգեւոր…»։