Search
Close this search box.

«Թաթոյեան» հիմնադրամի ահազանգը. «Սիւնիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցին մէջ ազերպայճանցիները արդէն տապալած են 10.000 ծառ»

 

Սիւնիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գիւղին մէջ իրաւապաշտպան Արման Թաթոյեանի գլխաւորած խումբը փաստահաւաք աշխատանքներ կատարած է։ Այս կապակցութեամբ Հիմնադրամը հրապարակած է հետեւեալ հաղորդագրութիւնը.

«1. Վտանգուած է Սիւնիքի մարզի “Շիկահող” պետական արգելոցը։
Մասնաւորապէս՝ Սիւնիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գիւղի հատուածում Հայաստանի տարածքի մի մասի զաւթումից յետոյ ադրբեջանական զինուած ծառայողները իրականացնում են ծառերի մեծածաւալ ապօրինի հատումներ։

Ըստ մեր նախնական ուսումնասիրութեան՝ արդէն հատուել է մօտ 10.000 ծառ՝ արեւելեան եւ սովորական բոխի (charme), խոշոր կաղիններ, հատպտղային կենի (սմիղակ, if), արեւելեան հաճարենի (hêtre) ու սօսի եւ այլն։ Նաեւ արգելոցի՝ Ներքին Հանդ գիւղին անմիջական յարող տարածքներում աճում են Կարմիր գրքում արձանագրուած բազմաթիւ բոյսեր, ներառեալ՝ խոտաբոյսեր եւ ծառափայտային տեսակներ (գնարբուկ (primevère), տերեփուկ (bleuet), հայկական սրոհունդ (millepertuis) եւ այլն)։

2. Ծառերը եւ միւս բոյսերը ադրբեջանական զինեալները զանգուածաբար հատել են եւ շարունակում են հատել՝ զինորական միջդիրքային եւ այլ ռազմական ճանապարհներ կառուցելու համար։ Այդ ճանապարհներով երթեւեկում են մեծ մեքենաներ, տեղափոխւում է ծանր տեխնիկա։ Այս ամէնի հետեւանքով մեծացել է սողանքների վտանգը, որն առաջացրել է լուրջ բնապահական խնդիրներ, նաեւ առկայ է վայրի կենդանիների վերացման վտանգ։ Անկանոն ծառահատման եւ արմատահանման հետեւանքով հողի մէջ աւելանում է ջուրի պարունակութիւնը, հողը ծանրանում է` առաջացնելով սողանքներ։

3.  Ներքին Հանդում կենսական խնդիր է խմելու ջուրի հարցը, մարդիկ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար շարունակում են օգտագործել գետի ջուրը. խմելու ջուրի ակունքները մնացել են ադրբեջանական զինուած ուժերի կողմից բռնագրաւուած Հայաստանի տարածքներում։

4. Ներքին Հանդում փաստահաւաք աշխատանքները վերահաստատեցին Հայաստանի՝ ադրբեջանական ներխուժած հատուածներում ականների գրեթէ ամէնօրեայ պայթումները:

Ադրբեջանական մի քանի դիրքի հետ կապուած կատարուեց հետազօտութիւն։ Մասնաւորապէս պարզուեց որ տեղադրուած են ինչպէս հակահրասայլային TM-57, այնպէս էլ O3M-72 եւ ПMH-2 հակահետեւակային ականներ։ TM-57 ականները տեղադրուած են դիրքերից 70-80 մեթր հեռաւորութեան վրայ, իսկ հակահետեւակային O3M-72 ականները տեղադրուած են դիրքից մօտ 30 մեթր հեռաւորութեան վրայ, որի շարունակական վնասի շառաւիղը՝ 25 մեթր է, ПMH-2 ականները տեղադրուած են դիրքերից 10-15 մեթր հեռաւորութեան վրայ։

Ներկայիս ընթանում են այս տուեալների մշակման աշխատանքներ եւ մանրամասները կը ներկայացուեն աւելի ուշ։

5. Ներքին Հանդում մարդկանց հիմնական ապրուստի միջոց անասնապահութիւնը եւ խոզաբուծութիւնը վերացել են ոչ միայն արօտավայրերից զրկուելու, այլ նաեւ ականների պայթումներից կենդանինների սատկելու պատճառով։

6. Մարդիկ զրկուած են Ներքին Հանդի Ս. Հռիփսիմէ եկեղեցին ու գերեզմանատուն այցելելու հնարաւորութիւնից, քանի որ դրանք ադրբեջանական բռնագրաւման տակ են։ Գիւղը ունի նոր գերեզմանատեղի, սակայն մարդիկ խուսափում են այդտեղ յուղարկաւորութիւն կատարել՝ ադրբեջանական թիրախի վտանգի պատճառով։ 2022 թ․ սեպտեմբերեան ադրբեջանական զինուած յարձակումներից յետոյ այդտեղ յուղարկաւորուել է մէկ մարդ, մնացած դէպքերում յուղարկաւորութիւնը կատարւում է Կապանի գերեզմանատանը։

7. Մարդիկ զրկուել են ոչ միայն ապրուստի միջոց արօտավայրերից, այլ նաեւ խմելու ջուրից, այգիներից, վարելահողերից, խոտհարքերից։ Օրինակ՝ գիւղի բնակիչներից մէկը կորցրել է 700 հեկտարից աւելի հողատարծք, 400-ից աւել բերքատու ծառ (արքայանարինջ, խնձոր, տանձ), որոնցից միայն արքայանարինջի տարեկան բերքը նախկինում կազմել է 5-6 թոն։

Արձանագրուած այլ տուեալների հիման վրայ պատշաճ ընթացակարգով մշակւում են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հիմք կը ծառայեն միջազգային մի քանի նախաձեռնութեան համար»։