Search
Close this search box.

Ի՞նչ ճակատագիր կը սպասէ Բերձորի, Աղաւնոյի և Սուսի մշակութային յուշարձաններուն

 

Ազերիները արդէն Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ մշակած են

Արցախի մշակութային ժառանգութեան մնայուն դիտարկում կատարող monumentwatch.org կայքը կը գրէ.-

«2020 թուականի Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, թէˊ Բերձոր քաղաքը, թէˊ Աղաւնոյ եւ Սուս գիւղերն անցել են Արցախի Հանրապետութիւնում տեղակայուած Ռուսաստանի զինուած ուժերի խաղաղապահ զօրախմբի վերահսկողութեան ներքոյ։ 2022 թուականի Յունիսի 27-ին Հայաստանի հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարեց, որ Աղաւնոյ գիւղի մօտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխութիւնից յետոյ Աղաւնոյ եւ Սուս գիւղերը, Բերձոր քաղաքն ու յարակից բնակավայրերն անցնելու են ադրբեջանական զինուած ուժերի վերահսկողութեան տակ։ Աւելի ուշ բնակիչներին մինչև Օգոստոսի 25-ը ժամանակ է տրուել իրենց բնակավայրերը լքելու համար:

Նշենք, որ ե՛ւ Աղաւնոյում, ե՛ւ Բերձորում ազատագրումից յետոյ կառուցուել են եկեղեցիներ՝ Սուրբ Համբարձում (Բերձոր, 1998 թ.) եւ Սրբոց Նահատակաց (Աղաւնոյ, 2002 թ.), կանգնեցուել են բազմաթիւ խաչքարեր նուիրուած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին (Բերձորի Ս. Համբարձում եկեղեցու բակում, Սուս գիւղ, այժմ տարհանուել է), 1988-ի երկրաշարժի զոհերի յիշատակին (Բերձորի Ս. Համբարձում եկեղեցու բակում), ազատագրական պայքարում զոհուած ազատամարտիկների յիշատակին (Բերձորի յուշահամալիրի տարածքում, Աղաւնոյից Բերձոր տանող ճանապարհին), քառօրեայ պատերազմի զոհերի յիշատակին (Աղաւնոյ գիւղի դպրոցի բակում), բազմաթիւ յուշաքարեր եւ յուշաղբիւրներ:

Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասւում տեղի մշակութային յուշարձաններին: Ադրբեջանի նախագահն իր ելոյթներում բացայայտ կերպով շեշտել է, որ իրենք վերացնում են “բռնագրաւողների կողմից” վերջին երեսուն տարիների ընթացքում «ապօրինի կերպով» կանգնեցուած յուշարձանները, շինութիւնները եւ այլն։

 

Նման պայմաններում անկախութեան շրջանի յուշարձանները առաջնային թիրախ են: Արցախի իշխանութիւններն արդէն իսկ տարհանման որոշում են կայացրել եւ սկսել գործընթացը։ Սուս գիւղի խաչքարերն արդէն իսկ տարհանուել են եւ տեղափոխուել ապահով վայրեր: Արցախի Հանրապետութեան կառավարութիւնը յայտնում է, որ մօտ ապագայում պիտի տարհանուեն նաեւ Բերձորի եւ Աղաւնոյի խաչքարերն ու յուշարձանները: Աղաւնոյի գիւղապետ Անդրանիկ Չաւուշեանը յայտնել է, որ իրենք պատրաստւում են տեղափոխել նաեւ խաչքարերը: “Բա ի՞նչ անենք, կը ներէք, թողնենք, գան, վրան միզեն, ինչի՞ համար թողնենք։ Երեւի մարդիկ իրենց գերեզմաններն էլ կը տանեն, չգիտեմ։ Անճար են մարդիկ”…,– յայտնել է նա։

Սակայն թէ ի՞նչ ճակատագիր է սպասւում Ս. Համբարձում եւ Սրբոց Նահատակաց եկեղեցիներին դեռեւս անյայտ է:

Նշենք նաեւ, որ մենք արդէն բազմիցս ականատես ենք եղել ադրբեջանական առանձնակի վանդալութեանն՝ ուղղուած նոր յուշարձաններին, ինչպէս Մատաղիս գիւղում մատուռի ու շրջակայքի խաչքարերի, Որոտան քաղաքում՝ Արցախեան առաջին ազատամարտին նուիրուած խաչքարի, Ջրականի (Ջեբրայիլ) շրջանի Շիւքիւրպեյլի գիւղի խաչային յօրինուածքով յուշարձանի, Հադրութի Առաքել գիւղի խաչքարի, Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղի՝ «Վերածնուած Թալիշ» յուշարձանի, Մեխակաւան (Ջեբրայիլ) բնակավայրի եկեղեցու  օրինակներում»:

Ազերպայճան Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ մշակած է

Նոյն վտանգը կը սպառնայ նաեւ Աղաւնոյի մատուռին

Մեր կողմէ աւելցենք որ՝ գոնէ ինչ կը վերաբերի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցւոյ տխուր ճակատագրին՝ արդէն քիչ թէ շատ յստակ է։ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտութեան կեդրոնի տնօրէն Յովիկ Ավանէսով news.am-ի հետ զրոյցին յայտնած է, թէ՝ Ազերպայճան արդէն մշակած է այդ եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծը։ Նոյն վտանգը կը սպառնայ նաեւ Աղաւնոյի մատուռին։ 

 

Ան բացատրած է, որ Ազերպայճանի «Յուշարձաններու պաշտպանութեան հասարակական միաւորում» կազմակերպութիւնը վերոնշեալ նախագիծին վերաբերեալ հրապարակած է նաեւ լուսանկար մը, ըստ որուն՝ եկեղեցւոյ գմբէթի ու զանգակատան փոխարէն պիտի բարձրանան երկու մինարէներ։

“Նախագիծը հաստատուած է Ազերպայճանի նախագահ Ալիեւի հրահանգով։ Իրենց հիմնական նպատակը՝ բռնագրաւուած հայկական բոլոր բնակավայրերուն մէջ մեր մշակութային ժառանգութեան վերացումն է։ Այն եկեղեցիներն ու մշակութային արժէք ներկայացնող հաստատութիւնները, որոնք կառուցուած են անկախութեան շրջանին, եւ որոնք կարելի չէ աղուանականացնել, Ալիեւի հրահանգով կը վերածուին մզկիթի կամ այլ կառոյցներու”,– նշած է Ավանէսով։

Վերջինս շեշտած է, թէ այս ամէնը բացայայտ պատերազմական յանցագործութիւն է։ “Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցւոյ ճակատագիրը կը սպառնայ ո՛չ միայն Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցւոյ, այլ նաեւ Աղաւնոյի մատուռին, ու բռնագրաւուած այլ բնակավայրերու պատմամշակութային ժառանգութեան”,– ահազանգած է վերոնշեալ կեդրոնի տնօրէնը։