Կարմիր խաչի միջազգային կոմիտէին համաձայն՝ 44-օրեայ պատերազմին հետեւանքով Հայաստանէն տակաւին 303 անձ անհետացած կը համարուի

 

ՄԱԿ-ի Ընդհ. համաժողովին կողմէ ընդունուած բանաձեւին համաձայն՝ Օգոստոս 30-ը յայտարարուած  է Բռնի անհետացումներու զոհերու միջազգային օր:

Այս կապակցութեամբ Հայաստանի Մարդկային իրաւանց պաշտպան Քրիստինէ Գրիգորեան ուղերձ մը յղած է, ուր մասնաւորապէս նշուած է.-

«Մարդկանց բռնի անհետացումները մարդու իրաւունքների բազմակի եւ շարունակական խախտումներ են։ Դրանք սկսւում են պետութեան ներկայացուցիչների եւ պաշտօնատար անձանց թոյլտւութեամբ կամ համաձայնութեամբ, որին յաջորդում է անհետացած անձի գտնուելու վայրը ժխտելը կամ թաքցնելը:

Մարդկանց բռնի անհետացումները ծայրայեղ ծանր ազդեցութիւն ունեն թէ՛ զոհերի վրայ, ովքեր յաճախ ենթարկւում են խոշտանգումների եւ ապրում մշտական վախի մէջ, թէ՛ էլ նրանց ընտանիքների վրայ, ովքեր անտեղեակ են իրենց հարազատների ճակատագրից եւ ապրում են նրանց վերադարձի չփարատուող սպասումով:

Ցաւալիօրէն ժամանակակից աշխարհում ընթացող հակամարտութիւնները բռնի անհետացումների յանցագործութեան համար “բարենպաստ” միջավայր են ստեղծել, եւ մենք, դժբախտաբար, մեր օրինակով գիտենք ու շարունակում ենք կրել 44-օրեայ պատերազմի ընթացքում ու դրանից յետոյ այս յանցագործութեան զոհերի ու հարազատների ցաւն ու չմարող պայքարը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտէի 2022 թ. Օօգոստոսին ներկայացրած տուեալների համաձայն՝ 2020-ի 44-օրեայ պատերազմի հետեւանքով 303 անձ Հայաստանից դեռեւս անհետ կորած է համարւում:

Ադրբեջանական իշխանութիւնների կողմից գերիների ու անհետ կորած անձանց վերաբերեալ տեղեկութիւններ չտրամադրելու կամ այդ տեղեկութիւնների աղճատման շարունակուող գործելակերպը ոչ այլ ինչ է, քան մարդու իրաւունքների հարցերն օգտագործել միջազգային մարդասիրական իրաւունքով արգելուած քաղաքական նպատակների համար։

(…)

Պաշտպանի իրաւասութեան շրջանակում ձեռնարկելով բոլոր միջոցառումները անհետ կորած անձանց գտնելու եւ նրանց աջակցութիւն տրամադրելու հարցում՝ խստօրէն դատապարտում եմ բռնի անհետացման անխտիր բոլոր դէպքերը եւ կոչ անում միաւորել ջանքերը ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ բռնի անհետացած անձանց գտնելու եւ վերջիններիս ու նրանց ընտանիքների իրաւունքների արդիւնաւէտ երաշխաւորման ուղղութեամբ»: