Search
Close this search box.

Հայաստանի ԱԳ նախարարութիւն. «Պաքու կը հիմնաւորէ այն վերլուծութիւնները, թէ ամէն ինչ կ՚ընէ COP29-էն ետք նոր յարձակում սկսելու համար»

 

Յունիս 19-ին, Հայաստանի Արտաքին գործոց (ԱԳ) նախարարութիւնը հրապարակած է հաղորդագրութիւն մը, ընդգծելով, թէ Հայաստան-Ֆրանսա սպառազինութեան համագործակցութեան մասին Պաքուի հակազդեցութիւնը տարակուսանքի տեղի կու տայ: Մարտունակ եւ ժամանակակից զինամթերքով սպառազինուած բանակ ունենալը որեւէ երկրի ինքնիշխան իրաւունքն է:

«Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականութիւնն ու սահմանների անխախտելիութիւնը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագոյն մակարդակով պայմանաւորուել են, որ ճանաչում են միմեանց տարածքային ամբողջականութիւնը եւ ինքնիշխանութիւնը՝ 1991 թուականի Ալմաթիի հռչակագրի հիման վրայ: Հայաստանի Հանրապետութիւնը հաւատարիմ է այս սկզբունքին եւ միջազգայնօրէն ճանաչուած իր 29.743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս յաւակնութիւններ չունի: Հայաստան՝ այս մօտեցումը գործնականում ապացուցել է Տաւուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գիւղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնութեամբ: Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել Հայաստանի աւելի քան 30 գիւղերի կենսական նշանակութեան տարածքների բռնագրաւումին:

Ամէն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղի է տալիս եւ գալիս է հիմնաւորելու մի շարք կենտրոնների կողմից արուող վերլուծութիւնները, թէ Ադրբեջան ամէն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղութեան համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024 Նոյեմբերին Բաքւում կայանալիք COP29 գագաթաժողովից յետոյ Հայաստանի նկատմամբ նոր յարձակում ձեռնարկելու համար:

Միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրում ենք այս, ինչպէս նաեւ այն փաստի վրայ, որ մէկ ամսուան ընթացքում խաղաղութեան համաձայնագիր կնքելու Երեւանի առաջարկը Բաքուի կողմից մնացել է անարձագանգ»,– մասնաւորապէս նշուած է Հայաստանի Արտաքին գործոց նախարարութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ։