Հայաստանի Անվտանգութեան խորհուրդը հրապարակած է  նոր տուեալներ

 

Յարձակման հետեւանքով զոհուածներու եւ անհետացածներու թիւը հասած է 207-ի

Սեպտեմբեր 19-ին, վարչապետ Ն. Փաշինեանի գլխաւորութեամբ տեղի ունեցած է Անվտանգութեան խորհուրդի նիստ, ուր ընդունուած է հետեւեալ յայտարարութիւնը.-

«2022 թուականի Սեպտեմբերի 12-ի լոյս 13-ի գիշերը Ադրբեջանի զինուած ուժերը լայնածաւալ յարձակում են սկսել Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու սարքերի կիրառմամբ:  

Յարձակման հետեւանքով զոհուածների եւ անհետ կորածների թիւը հասնում է 207-ի, այդ թւում՝ զոհուել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնուելու վայրը համարւում է անյայտ, վիրաւորուել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարուել է 20 զինծառայող: Առկայ են ապացոյցներ հայաստանցի գերեվարուած կամ զոհուած զինծառայողներին Ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կեանքից զրկելու դէպքերի վերաբերեալ: 

Ադրբեջանի զինուած ուժերի կողմից թիրախաւորուել են 36 բնակավայրեր, այդ թւում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետեւանքով մասնակի կամ ամբողջական աւերուել են 192 տուն, 3 հիւրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատութիւն, 1 հանդիսութիւնների սրահ, 4 անասնագոմ: Վնասուել է 7 ելեկտրական ենթակառուցուածք, 5 ջրային ենթակառուցուածք, 3 կազամուղ, 1 կամուրջ, 2 կառուղի, 1 փողոց:  Թիրախաւորուել են 2 շտապօգնութեան կառք, 4 անձնական օգտագործման կառք: 

Ադրբեջանի զինուած ուժերը մի քանի ուղղութիւններով մխրճուել են Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածք: Հայաստանի Զինուած ուժերի յամառ եւ հերոսական դիմադրութեան եւ միջազգային հանրութեան ներգրաւման շնորհիւ Ադրբեջանի յարձակումը կասեցուել է, սակայն ռազմաքաղաքական իրադրութիւնը շարունակում է մնալ լարուած: 

Ադրբեջանի կողմից վարուող յարձակողական քաղաքականութիւնը տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու, տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացման, ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգաւորմանն ուղղուած ջանքերը վիժեցնելու եւ Հայաստանի Հանրապետութեանն ուժային լուծումներ պարտադրելու նպատակ ունեն: 

Հայաստանի Հանրապետութիւնը որդեգրած լինելով խաղաղութիւն հաստատելու, տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացման օրակարգ՝ անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից վարուող սպառնալիքի եւ հարկադրանքի քաղաքականութիւնը: 

Անվտանգութեան խորհուրդը յայտարարում է, որ Հայաստանի Հանրապետութիւնն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախութիւնը, ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը: Ադրբեջանական զօրքերը պէտք է դուրս գան ՀՀ բռնագրաւուած տարածքներից: 

Միջազգային հանրութեան կոչ ենք անում Ադրբեջանի վրայ շարունակաբար ճնշումներ գործադրել՝ ՀՀ ինքնիշխան տարածքների բռնագրաւման վերջ դնելու եւ զօրքերը ետ քաշելու ուղղութեամբ եւ ողջունում ենք բոլոր այն երկրներին եւ կազմակերպութիւններին, որոնք հանդէս են եկել յստակ դիրքորոշմամբ: 

Միեւնոյն ժամանակ, վերահաստատում ենք միջազգային հանրութեան պատասխանատու անդամի պարտաւորութեանը հաւատարիմ մնալու Հայաստանի Հանրապետութեան յանձնառութիւնը»:  

Խմբագրական