«Այս օրերին յիշատակւում է Բաքւում հայերի ջարդերի, ցեղային զտումների եւ զանգուածային տեղահանութիւնների 35-րդ տարելիցը։ Մէկ շաբաթուայ ընթացքին, ադրբեջանական կազմակերպուած խմբերը լիակատար անպատժելիութեան միջավայրում եւ իշխանութիւնների թողտւութեամբ ու աջակցութեամբ, ինչպէս նաեւ խորհրդային իշխանութիւնների ամբողջական անգործութեան պայմաններում հայերի նկատմամբ իրականացրին զազրելի ոճրագործութիւններ:
Հայերի ճնշող մեծամասնութիւնը ստիպուած էր լքել սեփական բնակավայրերը այն պարագային, երբ հայ համայնքը 19-րդ դարի կէսերից էական դեր էր խաղացել Բաքուի արդիւնաբերական քաղաքի կառուցման եւ զարգացման գործում, հայ ընտանիքներն ու անհատները հիմնել, տնօրինել ու ղեկավարել են խոշոր արդիւնաբերական ձեռնարկութիւններ, մշակութային եւ կրթական հաստատութիւններ: Հետեւաբար, Բաքուի հայերը, թողել են միլիառների արժողութեամբ ունեցուածք եւ հարստութիւն՝ յաջորդիւ զրկուած լինելով դրա դիմաց որեւէ փոխհատուցում ստանալու հնարաւորութիւնից։
1990 Յունուարին Բաքւում հայ բնակչութեան կոտորածին, որը յստակ նպատակ ունէր բռնի տեղահանութեան ենթարկել երբեմնի 250 հազարանոց հայկական համայնքի մնացորդներին, նախորդել էին Ադրբեջանի Սումգայիթ եւ Կիրովաբադ (ներկայիս Գեանջա) քաղաքներում աւելի մասշտաբային ջարդերը։
1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ջարդերի հետեւանքով երկրից արտաքսուեց մօտ 400.000 հայ բնակչութիւն: Աւելի՛ն, ադրբեջանական քաղաքներում հայերի հազարամեայ հետքերը միտումնաւոր ջնջուեցին եւ կեղծուեց նրանց հարուստ պատմութիւնն ու ժառանգութիւնը:
Յարգանքի տուրք մատուցելով Բաքուի ջարդերի զոհերի յիշատակին եւ վերապրածներին՝ Հայաստան խորապէս հաւատում է, որ Հարաւային Կովկասում կայուն խաղաղութիւնը միայն կարող է կանխել ապագային մարդկութեան դէմ այսպիսի ոճրագործութիւնների կրկնութիւնը»:
© 2023 Բոլոր իրաւունքները վերապահուած են։